Աշխարհը կորոնավիրուսից հետո․ դիտարկումներ

 Ժամանակ առ ժամանակ միջազգային մամուլի էջերում հայտնվում են հրապարակումներ այն մասին, թե ինչպիսին է լինելու աշխարհը կորոնավիրուսից հետո։ Ոմանց համար սա կարող է թվալ ժամանակավրեպ, եթե հաշվի առնենք, որ համավարակի թունելով լույսը դեռ կարծես թե չի նշմարվում, կամ շատ թույլ, նկատի ունենալով պատվաստանյութերի մշակման աշխատանքներում գրանցված հաջողությունները։

Այնուհանդերձ, փորձենք ընդհանրացումներ կատարել՝ չորս հիմնական ուղղություններով դիտարկումներ կատարելով․

Հասարակություն․ Մարդիկ կորոնավիրուսից հետո կդառանան ավելի ոչ –հասարակական (գուցե նույնիսկ՝ սոցիոֆոբ) եւ ավելի կլինեն անձնակենտրոն։ Կամրապնդվի «ամեն մեկը իր համար» սկզբունքը։ Դիմակների կրումը մի վիճակ է ստեղծել, երբ ամեն մեկը վախենում է բոլորից։ Նույնիսկ, որոշ հոգեբաններ ասում են, որ եթե սահմանափակումները ամբողջությամբ էլ վերացվեն, շատերը դեռ կշարունակեն դիմակներով շրջել եւ իրենց ապահով չեն զգա հանրային վայրերում եւ կպահպանեն սոցիալական հեռավորությունը։ Որոշ հոգեբաններ նշում են, որ համավարակը այնքան կազդի մարդկային հոգեբանության վրա, որ նույնիսկ ամուսնության ժամանակ բժշկական տեղեկանքը կդառնա պարտադիր։

Ժողովրդագրություն․ Աշխարհի բնակչությունը կավելանա։ Թեեւ տնտեսական վիճակը կվատթարանա, սակայն սահմանափակումները կնպաստեն նաեւ, որպեսզի ընտանիքներն ամրանան; Ամուսնալուծությունների մասով, մասնագետները լավատես չեն, քանի որ ինչպես հայտնի խոսքն է ասում՝ «կտորը պատռվում է այն հատվածում, որտեղ չափազանց բարակել է»։ Նույնն էլ մարդկային հարաբերույուններն են:

Տնտեսություն․ Համընդհանուր թվայնացումը կդառնա իրականություն։ Շատ ընկերություններ կանցնեն հեռահար աշխատանքի, քանի որ այդպես ավելի էժան է եւ անվտանգ։ Տնտեսական վիճակը կվատանա ամբողջ աշխարհում եւ նեգատիվ տենդենցները կպահպանվեն առնվազն մեկ տարի։ Մարդկանց բարեկեցության անկումն իր հերթին սոցիալական բունտերի համար հող կնախապատրաստի։ Չինաստանը, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կփորձեն այնպիսի համակարգեր ձեւավորել, որ կարողանան ապրանքների եւ հումքի առումով դառնալ հնարավորինս ինքնաբավ։ Կրկին առաջնային կարեւորություն կստանան էներգակիրները։

Քաղաքականություն․ Բարդ տնտեսական վիճակը, նավթի գնանկումը, փոքր բիզնեսի սնանկացումը կավելացնի նեգատիվ տրամադրությունները եւ սոցիալական հուզումները կարող են բերել քաղաքական արմատական փոփոխությունների որոշ երկրներում։ Արդեն այս աշնանը հնարավոր է սկսվեն քաղաքական ցնցումներ մի շարք երկրներում ինչպես Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, այնպես էլ ԱՊՀ-ում։ Կառավարությունները կփորձեն կառչել իշխանությունից արտաքին կամ ներքին թշնամու կերպարը խաղարկելով, սակայն թե դրա հաջողվելու հավանականությունը փոքր է։ Այսպես ասած՝ սովորական դարձած գլոբալ քաղաքական վեճերն ու առճակատումները կշարունակվեն։