Աշխաբադում Ալիեւին հակադարձման մյուս հասցեատե...

Աշխաբադում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտնի ելույթը եւ դրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրուկ պատասխանը անցնող օրերին կարելի է ասել, դարձավ հանրությանը «զբաղեցնող» թիվ մեկ թեման։ Նույնիսկ հանրապետականները մոռացան, որ Նիկոլ Փաշինյանը մերժել է իրենց, եւ դրվատանքով խոսեցին նրա մասին։

Ընդհանուր դրական ֆոնի վրա շատերն ուշադրություն էլ չդարձրեցին, թե իրականում Փաշինյանի հակադարձումը քանի հասցեատեր ուներ։ Իրականում, երբ նորից անդրադառնում ենք Փաշինյանի հակադարձմանը, տեսնում ենք, որ այնտեղ առնվազն մեկից ավելի հասցեատեր կա։ Մյուս հասցեատերը Մոսկվան է։ Սա թերեւս հասկացել են նաեւ Մոսկվայում ու թերեւս ռուսական մամուլում այդ հակադարձման արձագանքների հետ կապված նաեւ այս նյուանսն է տեղ գտել։

Հիշեցնենք Փաշինյանի հակադարձման խոսքի, մեր կարծիքով ամենակարեւոր դրվագներից մեկը․ «Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, և ի՞նչ, բոլոր նրանց, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այս ամենը որպես փաստ ընդունենք»։

Փաշինյանը ուղիղ տեքստով հիշեցնում է խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի ռեպրեսիոն քաղաքականության մասին։ Ընդ որում՝ Մեծ Հայրենականի հաղթանակի 75-ամյակի շեմին։ Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ դարի 80-ականներին փորձ է արվել իրականացնել Ստալինի «ռեաբիլիտացիա» եւ այդ տրամադրությունները կրկին արդիական են դարձել նաեւ այսօրվա Ռուսաստանում։

Հիշեցնենք, թե տարբեր սոցհարցումները, որոնք իրականացվում են ժամանակ առ ժամանակ, փաստում են, որ այսօրվա ռուսաստանցիների մոտ գոնե 60-70 տոկոս ցուցանիշ կա՝ Ստալինի գործունեությանը հավանություն տվող։ Հետեւաբար Նիկոլ Փաշինյանի հակադարձումը ոչ միայն Ալիեւի «պորտը տեղը դնել» էր, այլ նաեւ յուրօրինակ հակառուսական «ակցիա», ինչը ամենայն հավանականությամբ, հասկացավ նաեւ ներկա Վլադիմիր Պուտինը։