Օրերս «ՎԵՏՕ» շարժումը հայտարարություն տարածեց մի նոր նախաձեռնության մասին, որում մասնավորապես ասվում է․««ՎԵՏՕ» շարժումը բազմիցս նշել է, որ ՀՀ-ում իշխանությունը զավթել է օտարերկրյա գործակալական ցանցը և թիրախավորել պետության համար կենսական բոլոր ոլորտները։
Վերջերս ուսանողների ու երիտասարդների շրջանում բարձրացված դժգոհության ալիքն այս պահին առկա միակ խնդիրը չէ։ Փաստացի պետությունում ստեղծվել է իրավիճակ, երբ սորոսականներն, ըստ էության, պատանդ են վերցրել երկրի վարչապետին և ստիպում են շարժվել իրենց օրակարգի համաձայն՝ հետևողականորեն քանդելով պետության հիմնասյուն հանդիսացող ինստիտուտները։ Ուստի մեր պահանջն է օր առաջ ազատել վարչապետին այդ պատանդառությունից:
Հաշվի առնելով այս ամենը՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։00-ին բողոքի ցույց է իրականացնելու Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի դիմաց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» կարգախոսով»։
Հրավիրված հավաքի մասին Politik.am-ը զրուցեց շարժման ղեկավար Նարեկ Մալյանի հետ․ «Ես վաղն իմ ելությում իհարկե առավել մանրամասն կանդրադառնամ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կախվածությանը Սորոսի հիմնադրամից, բայց համադրելով մի քանի փաստ, որոնք ես ելույթի ընթացքում կհրապարակեմ, մենք գալիս ենք եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու ճանապարհին քաղաքական պարտքեր է կուտակել, որը փորձում է վճարել հասարակական առողջության և մեր պետականության հաշվին, ինչը կարծում եմ անընդունելի է և ինչի մասին վաղը խոսելու եմ»,- ասաց Նարեկ Մալյանն ի պատասխան մեր հարցի, թե իրենք ինչ փաստեր ունեն, որ վարչապետ Փաշինյանը կախվածության մեջ է Սորոսի հիմանդրամից։
Հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում ազատել վարչապետ Փաշինյանին Սորոսի գրասենյակի ազդեցությունից, Նարեկ Մալյանը պատասխանեց․ «Օրենքի շրջանակում կան տարբեր եղանակներ Սորոսի գրասենյակի ազդեցությունից ազատվելու համար։ Այդ գրասենյակի շահառուները անթաքույց ձևով են իրենց պետականությունը քայքայող գործունեությունը ծավալում։ Գործիքակազմը մեծ է, որով կարելի է հասնել իրենց ազդեցության չեզոքացմանը և դրանով ազատել վարչապետին, այսինքն ամենապատասխանատու պաշտոնը զբաղեցնող անձին՝ օտարերկրյա գործակալական ցանցի ճիրաններից»,-ասաց Մալյանը՝ հավելելով, որ այս պահին գործող օրենսդրությունն էլ թույլ տալիս է շատ կոշտ հակազդեցություն ցուցաբերել։