Օրեր առաջ Աջափնյակ համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի գրառումներ էր արել, որոնցում պաշտպանում էր Սանասարյանին։ Գրառումներից մեկում նշված էր «Սաշիկին ու իրա թուլեքին գոնե հետ բերեք ու փակեք, թե չէ նենց տպավորություն ա, որ սա իշխանատվություն էր՝ վլաստը տալիս ենք, բայց մեզ ձեռ չտաք», «Ես պայքարել եմ ճշտի ու օրենքի համար։ Ու պատրաստ եմ էտ շարունակել։ Չեմ ուռում աշխատավարձս հերիքում ա, ասածս ինչ ա, գրպանս բան չգցեք, անիմաստ ա»։ «Էլի ասեմ՝ չխառնեք հանկարծ, կարամ էլի տեղակալ չաշխատեմ, չեմ նեղվի դրանից»։
«Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում , Բա էդ պահին բռնեիք։ Հիմար, կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։ Գրառումներից մի քանի ժամ անց Մանուկյանի ֆեյսբուքյան էջը ջնջված էր։ Անջատված էր նաև նրա հեռախոսահամարը։
Այդ օրերին մենք տեղեկություններ էինք հրապարակել, որ Արամ Մանուկյանը կհեռացվի աշխատանքից։ Իշխանությունները վերջնական որոշել են ազատվել նրանից։ Տեղեկատվությունը ճշտելու համար զանգահարեցինք Աջափնյակ համայնքի ղեկավարի աշխատակազմ։ Աշխատակազմի ընդհանուր բաժնի պետը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է նման բան լսում, որ Արամ Մանուկյանին ցանկանում են հեռացնել աշխատանքից։
Մեր հրապարակումից հետո Աջափնյակի համայնքային իշխանությունները ամեն կերպ հերքեցին տեղեկատվություն, իսկ ժամեր անց հայտարարեցին, որ Արամ Մանուկյանը մեկ ամսով արձակուրդ է մեկնել իր հաշվին։
Մեր աղբյուրների հաղորդմամբ Արամ Մանուկյանի արձակուրդը կլինի անվերադարձ։ Նա այլևս չի վերադառնա աշխատանքի։ Իշխանությունները նրան չեն ներել ԱԱԾ պետին և կառույցին ուղղված մեղադրանքների մասով։ Արամ Մանուկյանը մի դեպքում կարող է վերադառնալ աշխատանքի, եթե Փաշինյանը որոշի, որ այս անգամ էլ թիրախավորելու է ԱԱԾ պետ Վանեցյանին։