Արտակարգ դրության ավարտից հետո ներքաղաքական կ...

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աշխարհին պատուհասած ճգնաժամը ինչպիսի քաղաքական զարգացումների կարող է բերել աշխարհում և Հայաստանում։ Արդյոք կիսափակ սահմանները լուրջ խնդիրներ չեն առաջացնում պետության անվտանգության տեսակետից։ Այս հարցի շուրջ Politik-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։ Մեր զրուցակիցը կարծում է, որ կորոնավիրուսի այս համավարակը որոշակի խնդիրներ է առաջացրել պետությունների միջպետական հարաբերություններում։

«Օրինակ Չինաստանը պաշտոնական մակարդակով ԱՄՆ-ին մեղադրեց կորոնավիրուսը ամերիկացի զինվորականների միջոցով Չինաստան տեղափոխելու մեջ, ինչի առնչությամբ Վաշինգտոնում չինական դեսպանը կանչվեց Պետդեպ բացատրությունների։ Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր թվիթերյան էջում էր գրել, որ կորոնավիրուսը չինական վիրուս է, ինչն էլ խնդիր առաջացրեց Չինաստանում։ Բայց նաեւ պետք է ասել, որ այս համավարակը ավելի միավորող գործոն է, քան պառակտող եւ բազմաթիվ երկրներ այժմ միմյանց օգնության ձեռք են մեկնում, համաշխարհային քաղաքական զարգացումները կարծես թե կանգ են առել եւ բոլորի ուշադրության կենտրոնում համավարակն է։ Բոլորը փորձում են միմյանց օգնելով, համատեղ ուժերով դուրս գալ ճգնաժամից»,- նշվում է քաղաքագետը։

Այդուհանդերձ, նա գտնում է, որ իրոք լուրջ քաղաքական ճգնաժամ կա, եւ պատահական չէ այն, որ օրերս Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել էր, որ Երկրորդ աշխարհամարտից հետո սա ամենալուրջ քաղաքական ճգնաժամն էր աշխարհում․«Կարելի է ասել, որ հիմա բոլորը մի կողմ են թողել խնդիրները եւ կենտրոնացել են ճգնաժամի դեմ պայքարի համար եւ կարծես թե շատ տեղերում պատերազմներն են նույնիսկ կանգ առել» Անդրադառնալով փակ սահմանների խնդրին, Արմեն Վարդանյանը կարծում է, որ բնականաբար գլոբալիզացիոն այս դարաշրջանում, երբ շատ քիչ երկրներ կան, որ ունեն ինքնաբավ տնտեսություններ եւ բոլորը բոլորի հետ կապված են, ապա սահմանների այս փակ վիճակը չէր կարող չազդել համաշխարհային տնտեսության վրա։ Բանախոսը գտնում է, որ աշխարհի բոլոր երկրներն էլ ֆինանսական լուրջ խնդիրներ են ունենալու այս համավարակի հետեւանքով։ Հարցը թերեւս միայն այն է, ըստ Վարդանյանի, թե որ երկիրն ինչ չափով կտուժի կամ ինչ արդյունավետությամբ կհաղթահարի այս ճգնաժամը։

Անդրադառնալով Հայաստանի խնդրին, թե ինչ հետեւանքներ կթողնի ճգնաժամը Հայաստանի վրա, Արմեն Վարդանյանը նշեց, որ բնականաբար մեր երկիրը չի կարող զերծ մնալ այս ամենից, բայց եւ պետք է հուսալ, որ մեր կորուստները չափազանց ծանր չեն լինի, քանի որ կան երկրներ, որտեղ ազգային տնտեսությունը մինչեւ 10 տոկոսով կրճատվել է։ Օրինակ Չինաստանում, ըստ բանախոսի 18 տրիլիոնանոց տնտեսությունը համավարակի պատճառով կրճատվել է 10 տոկոսով։ ԱՄՆ-ում էլ առաջիկայում շատ լուրջ բռնկումներ են սպասվում եւ Թրամփի վարչակազմը արդեն սկսել է քննարկել դեմոկրատների հետ երկու տրիլիոնանոց փաթեթ, որը որպես աջակցություն կտրամադրվի, որպեսզի երկիրը հաղթահարի ճգնաժամը։

Քաղաքագետը կարծում է, որ համավարակի ճգնաժամի ավարտից հետո աշխարհի մի շարք երկրներում հնարավոր է, որ ներքաղաքական սրացումներ լինեն, ինչը կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ հաջողությամբ եւ արդյունավետությամբ են երկրները պայքարել կորոնավիրուսի դեմ։ Հայաստանում էլ լիովին հնարավոր են ներքաղաքական սրացումները, եթե գործող իշխանությունները չկարողանան արդյունավետ պայքարել վարակի դեմ։ Քաղաքագետը կարծում է, որ իհարկե կլինեն նաեւ շահարկումներ, կառավարությանն օրինակ, ըստ Արմեն Վարդանյանի, կմեղադրեն սկզբնական շրջանում վարակին լուրջ չվերաբերվելու եւ ոչ համարժեք քայլեր չձեռնարկելու մեջ, կառավարությունն էլ կփորձի հակադարձել, պատասխանել, սակայն առայժմ բոլորը սպասում են, կարծես թե, որովհետեւ երկիրն էլ գտնվում է արտակարգ դրության մեջ․«Սակայն ճգնաժամի ավարտից, արտակարգ դրության ավարտից հետո, վստահ եմ, որ այս հարցը հայաստանյան ներքաղաքական դաշտում շահարկումների առարկա կդառնա։ Սակայն հանուն արդարության պետք է ասել, որ սա միայն Հայաստանում չէ, այլ ամբողջ աշխարհում էլ շատ երկրներում ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է կորոնավիրուսի դեմ ոչ արդյունավետ պայքարի մեջ։ Օրինակ WP-ն վերջերս գրել էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունները ժամանակին Դոնալդ Թրամփին գրել էին այս համավարակի մասին, սակայն նախագահ Թրամփը լուրջ ուշադրություն չի դարձրել եւ այժմ Թրամփ վարկանիշն էլ է ընկել»,-ասաց քաղաքագետը։

Արտակարգ դրության ավարտից հետո, ըստ քաղաքագետի, ներքաղաքական կյանքում փոփոխություններ կլինեն, շահարկումներ կլինեն, ինչը բնականոն վիճակ է, եւ դա կազդի նաեւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա, եթե նա արդյունավետ չկարողանա արդյունավետ պայքարել։ Նա գտնում է, որ իհարկե սխալներ եղել են, բայց բարեբախտաբար առայժմ առանց զոհերի ենք պայքարել եւ հուսանք, որ այդպես էլ կշարունակվի եւ վարակի հետեւանքով մարդկային զոհեր չենք ունենա։