Հետաքրքիր գործելաոճ ունի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա կաողանում է հետևողականորեն և երկար ժամանակով մոլորեցնել մեր հասարակությանը՝ ոչ ճիշտ ինֆորմացիա տալով կամ պարզապես ստելով: Նման մի միտումնավոր ստախոսության փաստի անդրանառնանք հիմա:
Եթե մեզ հարցնեն, թե Հայաստանում որտեղ են պահվում և բուժվում հաստատված ախտորոշմամբ COVID դրական պացիենտները, միաբերան կասենք՝ հիվանդանոցներում: Դեռ կավելացնենք էլ, որ ում մոտ հաստատվում է կորոնավիրուսը տեղափոխվում է հիվանդանոց և բուժվում կամ հսկվում հիվանդանոցներում, իսկ ով կոնտակտավոր է, սակայն հաստատված չէ վարակակրության փաստը՝ մեկուսացվում են հյուրանոցներում: Այդպես կպնդենք, որովհետև այդպես է բազմաթիվ անգամներ նշել մեր Արսեն Թորոսյանը, և այդպես նշեց նա նաև 27.04.2020 Ազատություն TV-ին տված հարցազրույցում: Իհարկե վերջին մի քանի օրը նա նշում է , որ հնարավոր է փոխեն այդ մոտեցումը և թեթև կամ առանց սիմպտոմների, բայց հաստատված ախտորոշումով հիվանդներին սկսեն բուժել հյուրանոցներում, իսկ հիվանդանոցներում պահեն միայն միջին ծանրության և ծանր հիվանդներին: Բայց միշտ ավելացնում է, որ դա ցանկալի չէ, և ամեն դեպքում ճիշտ է հիվանդներին պահել և բուժել հիվանդանոցներում: Եվ ահա պարզվում է, որ Արսեն Թորոսյանը ստում է՝ ասելով, որ մեր բոլոր հիվանդները բուժվում են հիվանդանոցներում: Պարզվում է Երևանում կան հյուրանոցներ, որոնք գրեթե ամբողջությամբ լցված են հաստատված ախտորոշում ունեցող, կորոնավիրուսով վարակված պացիենտներով: Դրանք են օրինակ Երևանի Նաիրի, Ռեզիդենս և Նարե հյուրանոցները՝ տեղակայված Նորք-Մարաշում:
Փաստացի առողջապահության նախարարը չի ուզում խոստովանել, որ Հայաստանում վաղուց արդեն կան վարակված քաղաքացիներ, որոնք բուժվում են ոչ թե հիվանդանոցային պայմաններում, որտեղ նրանց նկատմամբ կլինի պատշաճ բուժական և համաճարակաբանական հսկողություն, որտեղ նրանք պարբերաբար անալիզներ կհանձնեն, կհետազոտվեն, որպեսզի բարդությունների առաջանալը ժամ առաջ կանխարգելվի, այլ մեկուսացված են հյուրանոցներում և հյուրատներում, որտեղ սկզբունքորեն չի կարելի բուժօգնություն կազմակերպել: Եթե պարոն Թորոսյանը չգիտի, ապա նրան տեղեկացնենք, որ համաձայն Հայաստանում գործող օրենսդրության, հիվանդների բժշկական օգնությունը և սպասարկումը հնարավոր է կազմակերպել միայն դրա համար լիցենզավորված հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում:
Ո՞վ է իրավունք տվել Արսեն Թորոսյանին կոպտորեն ոտնահարել օրենսդրությունը և պացիենտների բուժումը կազմակերպել հյուրանոցներում: Եվ ինչու է նա կարծում, որ այդ մասին կարող է չհայտնել, իսկ ուղիղ հարցի դեպքում պարզապես ստել:
Գուցե Արսեն Թորոսյանի որոշումը, հաստատված կորոնավիրուսով բայց թեթև ախտանիշներով պացիենտներին բուժել հյուրանոցներում, ընդունելի լիներ, եթե մեր հիվանդանոցները լեփ լեցուն լինեին և պարզապես ունակ չլինեին ընդունելու նոր պացիենտներ, սակայն ներկայումս Հայաստանի հիվանդանոցները կիսադատարկ են, քանի որ բնակչության դիմելիությունը կտրուկ ընկել է:
Հետևաբար, Արսեն Թորոսյանն իրավունք չունի մարդկանց բուժել հյուրանոցներում, դա իրեն թույլ չի տալիս մեր երկրի օրենսդությունը: Հետաքրքիր է արդյոք վարչապետն ու պարետը տեղյա՞կ են, որ նախարարը ստում է, երբ ասում է, որ բոլոր հիվանդներին տեղափոխում և բուժում են հիվանդանոցներում: