Արսեն Թորոսյանի «կիքսերի» հետեւանքները կարող...

Հայաստանում այսօր գրանցվեց կորոնավիրուսային վարակման նոր հակառեկորդ՝ վարակման նոր 452 դեպք, մահվան 6 դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 7113, մահացածներինը՝ 87։ Սա փոքրիկ, մոտ 3 միլիոն բնակչությամբ Հայաստանի համար չափազանց մեծ թիվ է եւ կարելի է ասել, մենք մոտենում ենք կատաստրոֆայի։

Իսկ մինչ այդ, Հայաստանի Առողջապահության նախարարությունը փորձում է հարթեցնել նախարար Արսեն Թորոսյանի «կիքսերի» հետեւանքները, որոնք կարող էին միջպետական սկանդալի առիթ դառնալ հայ-վրացական հարաբերություններում։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանն անցյալ շաբաթվա վերջին ՀԽ անդամների հետ օնլայն քննարկման ժամանակ բավական անզգույշ եւ ոչ տեղին արտահայտություններ էր թույլ տվել, կասկածի տակ դնելով վրացական առողջապահության որակային արժեքն ու կորոնավիրուսի դեմ պայքարում արձանագրած հաջողությունները։ Այդ հայտարարությունների հանրայնացումից հետո Երեւանում վրացական դեսպանատունը կապ էր հաստատել Հայաստանի առողջապահական գերատեսչության հետ եւ փորձել բացատրություններ ստանալ։

Մինչ այդ, վրացի մասնագետներն ու առողջապահության ոլորտի պատասխանատուները բավական կոշտ էին արձագանքել Արսեն Թորոսյանի հայտարարություններին, ակնարկելով, որ հարիր չէ երկու բարեկամ երկրների եւ բազմադարյան պատմությամբ կապված ժողովուրդներին նման «ոչ դիվանագիտական», իսկ եթե ավելի անկեղծ՝ «անմեղսունակին վայել» արտահայտությունները։ Եվ ահա, մի փոքր լռությունից հետո հայկական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրում Վրաստանից, դիվանագիտական խողովակով իր ափսոսանքը հայտնելով, ինչը Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հանրայնացնում է։

Միջադեպն ինչ խոսք տհաճ էր, Արսեն Թորոսյանի պահվածքը՝ անպատասխանատու եւ իր պաշտոնին ու կարգավիճակին անհարիր։ Ուշագրավն այստեղ, սակայն ընդհանուր առմամբ Հայաստանի ղեկավարության կեցվածքն է կորոնավիրուսային համավարակի հանդեպ։ Տպավորություն է, որ Փաշինյանի կաբինետը որոշել է գերազանցել նույնիսկ աֆրիկյան ամենահետամնաց երկրներին այս հարցում ունեցած ոչ կոմպետենտության ցուցանիշով։ Վրաստանում օրինակ վարակվածների թիվը դեռ հազարի չի հասել, մահացություններն էլ երկու տասնյակ են կամ մի փոքր ավելի։

Այնտեղ արդեն չկա արտակարգ դրություն, սակայն կան սահմանափակումներ։ Մեզ մոտ վիճակը խայտառակ է, բայց արտակարգ դրություն կա, որը դարձել է սիմվոլիկ մի բան։ Ու եթե ընդհանուր ֆոնի վրա Արսեն Թորոսյանի պահվածքն ենք դիտարկում, ապա տպավորություն է, որ մարդը չի ուզում էլ կրել այս ամբողջի անմիջական պատասխանատվությունը որպես առողջապահական ոլորտի ղեկավար եւ անում է բաներ, որոնք կարող են նպաստել, որպեսզի մի գեղեցիկ օր իրեն ասվի դիմում գրի եւ ինքն էլ սիրով դա անի։