Արքայազն Չառլզի բարեգործական հիմնադրամը ներքա...

Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չառլզի բարեգործական հիմնադրամը (The Prince's Foundation) օգտագործման համար ստացել է ոչ թե աշխարհահռչակ նկարիչներ Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի, Վան Դեյկի եւ Սալվադոր Դալիի վրձնի գործերից, այլ դրանց պատճենները։ Այս մասին բրիտանական Daily Mail թերթին ասել է ամերիկացի նկարիչ Թոնի Թետրոն, որն ավելի վաղ վեց ամսով դատապարտվել էր արվեստի գործերի կեղծումների համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես գրում է պարբերականը, սնանկացած գործարար Ջեյմս Սթանտը Շոտլանդիայում գտնվող մեկենասային կազմակերպության կենտրոնակայանին օգտագործման է հանձնել 17 կտավ, որոնք, իբր, պատկանում են աշխարհահռչակ նկարիչների վրձնին, որոնցից 11-ը իրականում ստեղծել է Թետրոն։ «Ինձ կտավներից ոչ մեկը պետք չէ,- կեղծարար նկարչի խոսքերը մեջբերում է պարբերականը։- Ավելի լավ է կանգ առնել հիմա, ոչ թե հետո։ Ինձ տեղեկացրին, որ այդ կտավները ուղարկվել են  Dumfries House (տուն Շոտլանդիայում, որտեղ գտնվում է արքայազն Չառլզի բարեգործական հիմնադրամի կենտրոնակայանը)»։

Վարձակալման պայմանագրում, որը հայտնվել է Daily Mail-ի տրամադրության տակ, նշվում է, որ Կլոդ Մոնեի «Շուշաններ» կտավի արժեքը, ինչպես նաեւ Պաբլո Պիկասոյի եւ Սալվադոր Դալիի երկու կտավներինը, գերազանցում է 134 մլն դոլարը։ Բարեգործական կազմակերպությունում ասել են, որ կտավները ստացվել են Սթանտից տասը տարով օգտագործման համար, բայց արդեն վերադարձվել են տիրոջը։ Հիմնադրամում ընդգծել են, որ արվեստի գործերի վերաբերյալ որոշումները չեն վերաբերել անմիջապես արքայազն Չառլզին։

Սնանկացած Սթանտը, իր հերթին, լիովին հերքում է մեղադրանքները, թե 17 կտավները կեղծված են եղել։ «Իմ գործերից ոչ մեկը կեղծ չէ,- նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։- Երբ խոսքը արվեստի մասին է, Վիլդենշտեյնի (ինստիտուտ, որն ստուգում է արվեստի գործերը), ապա կեղծիքներ լինել չեն կարող»։ Բացի այդ, ինչպես վկայում են պարբերականի ստացած փաստաթղթերը, Վիլդենշտեյնի ինստիտուտը Փարիզում, որը հայտնի է ամբողջ աշխարհում Մոնեի գործերի իր գնահատմամբ, հաստատել է բարեգործական հիմնադրամին գործարարի հանձնած կտավների իսկությունը։ Բայց ներկա պահին հաստատությունից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել։