Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Պրիմիտիվ գողության օրինակ. սու՞տ, թե՞ կեղծիք

Պրիմիտիվ գողության օրինակ. սու՞տ, թե՞ կեղծիք

arpine-hovhannisyan-1-634x445Politik.am-ը  շարունակում է  իր ուշադրության կենտրոնում պահել  պետական կառույցներին և նրանց կողմից իրականացվող գնումները: Բոլորին է հայտնի, որ պետական մարմինների կողմից Մեկ անձից կատարվող գնումներ անվան տակ կատարվող գործարքները ամենավիճելիներն են: Մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2016 թվականի մարտի 12-ին  կնքված մի պայմանագիր, որը նախարարությունը կնքել է «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի հետ: Ըստ կնքված պայմանագրի կազմակերպությունը պետք է իրականացներ 96 էլեկտրոնային կայքերի մշտադիտարկում, որի դիմաց նախարարությունը 10 ամսվա համար  վճարել է 720 հազար դրամ:

Մշտադիտարկման համար բանալի բառերն են՝ Արդարադատության նախարարություն, Արփինե Հովհաննիսյան, Արդարադատություն, Քրեակատարողական վարչություն, ՔԿՀ, ԴԱՀԿ, Նոտար, ՔԿԱԳ և Պետռեգիստր:

Նախ պետք է նկատել, որ մշտադիտարկման ցանկում ներառված կայքերից  Med.news.am, bravo.am, armbanks.am, banks.am, banker.am, armfootball.am, armfootball.com, sport.mediamax.am, sport.news.am, totalfootbal.am, football365.am, cosmo.am, fashionblog.am, kamoblog.am, paparazzi.am, esem.am, stayl.arka.am, stayl.news.am, itel.am, telecom.arka.am կայքերը ժամանցային, կամ նեղ մասնագիտական կայքեր են, որոնք չէին կարող անդրադառնալ արդարադատության ոլորտին: Սա նշանակում է, որ աշխատանքների ծավալը արհեստական ուռճացված է: Դժվար է պատկերացնել, թե football365.am կամ cosmo.am կայքերը ինչ են գրելու Արդարադատության նախարարության մասին:  Եվ եթե նախարարության կողմից կնքված պայմանագրի մշտադիտարկման ենթակա կայքերի ցանկից հանենք մեր կողմից առանձնացվածները, ապա կմնա ընդամենը 76 կայք, որը միանշանակ  կփոխեր պայմանագրի արժեքը:

Մեր այն դիտարկամանը, թե ինչու՞  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը չի իրականացնում մշտադիտարկում՝,  ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը պատասխանել է.«Լրատվական կայքերի հրապարակումների մշտադիտարկում իրականացնելը ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության երկու տասնյակը գերազանցող գործառույթներից ընդամենը մեկն է, իսկ այդ համակարգի ծառայություններից օգտվելու արդյունքում հնարավոր է դարձել ՀՀ արդարադատության նախարարության վերաբերյալ ավելի քան 100 անվանում ունեցող էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների զուտ տեխնիկական փնտրման գործընթացի վրա մինչ այդ ծախսվող ժամանակային և ֆիզիկական ռեսուրսը ուղղել  այլ գործառույթների լավագույնս իրականացմանը»,-ասվում է աշխատակազմի ղեկավարի պատասխանում:

Իսկ այն հարցին, թե ինչու՞ մրցույթ չի հայտարարվել՝ աշխատակազմի ղեկավարի նույն պատասխանում ասվում է.«Այն ժամանակահատվածում, երբ ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռք է բերել այդ ծառայությունը, լրատվական դաշտում (առնվազն լայն շրջանակներում հայտնի) նմանօրինակ ծառայություն մատուցող այլ ընկերություններ հայտնի չէին: Բացի այդ, «Գնումների մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս մեկ միլիոն ՀՀ դրամը չգերազանցող պետական գնումներն իրականացնել մեկ անձից սկզբունքով՝ առանց մրցութային կարգի»,-ասվում է Արմեն Գևորգյանի պատասխանում:

Իրականությունն այն է, որ մեդիամոնիթորինգ իրականացնող ընկերությունները մի քանիսն են:  2001 թվականից այս դաշտում գործում է «ՄՔՔԱՆՆ-ԷՐԻՔՍՈՆ» ընկերությունը, իսկ 2014 թվականից «ԷՄՊԻՐԻԿԱ» ընկերությունը: Երկու ընկերություններն էլ դժվարացան հստակ արժեք ասել, սակայն մի բան հստակ էր, որ մեկ տարվա համար  իրենց կողմից մատուցվող ծառայությունը 720 հազար դրամից շատ ավելի մատչելի էր լինելու:

Պետք է նկատել, որ նման պրակտիկա Հայաստանում ընդունված է: Պետական մարմինները ունեն բազմաթիվ վարչություններ , իսկ այդ վարչությունների որոշակի գործառույթները ոչ փոքր վճարի դիմաց իրականացնում են մասնավոր ընկերություններ:

Ի դեպ «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ն ըստ որոշ լուրերի կապվում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Եվ սա Քոչարյանի  անվան հետ կապվող միակ ընկերությունը չէ, որ գումարներ է ստանում պետական բյուջեից:

Դիտվել է 850 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy