«Արմենիա» ավիաընկերությունը ծրագրում է Գյումր...

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում դեպի Հայաստան կանոնավոր փոխադրումներ իրականացնող ռուսական ավիաընկերությունների և տեղական «Ավիակոմպանիա Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ հանդիպում է տեղի ունեցել։

ՔԱԿ-ի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ռուս-վրացական օդային փոխադրումների ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակը, Հայաստանի տարածքով նշված ուղևորահոսքերի սպասարկման, չվերթերի ավելացման և ավելի տարողունակ օդանավերի ներգրավման հնարավորությունները:

Աղբյուրը նշում է, որ ներկայումս Ռուսաստանից դեպի Հայաստան 9 ուղղություններով կանոնավոր չվերթեր են իրականացնում 11 ռուսական ավիաընկերություններ, որոնցից 6-ը՝ Ուրալյան ավիաուղիներ, Պոբեդա, Աերոֆլոտ, Սիբիր, Նորդավիա և Ռեդ Վինգս ավիաընկերությունները չվերթեր են իրականացնում նաև Ռուսաստանից Վրաստան:

Հանդիպմանը ներկա ավիաընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրավիճակի շուրջ իրենց ավիաընկերությունների նախատեսվող քայլերը, մասնավորապես.

«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 8-ից նախատեսում է ավելացնել չվերթների հաճախականությունը Թբիլիսի-Երևան և հակառակ ուղություններով օրական 2 անգամ, ինչպես նաև թռիչքներ իրականացնել Երևան-Մոսկվա և հակառակ ուղություններով օրական 2 անգամ: «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը տնօրենը հավելել է, որ նախատեսում է չվերթներ իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղություններով:

«Աերոֆլոտ» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք պատրաստ են Վրաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերը անվճար փոխանակել ՀՀ-ից իրականացվող չվերթերի ուղևորատոմսերով: Նա նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել դեպի ՀՀ փոխադրումների հաճախականությունը:

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ քննարկվում են տարբերակներ Վրաստանում առկա ուղևորահոսքը Թբիլիսիից և Բաթումիից հայկական ավտոբուսներով Երևան փոխադրելու և այնուհետև ավիաընկերության օդանավերով դեպի Ռուսաստան տեղափոխելու շուրջ: Հարկ է նշել, որ Ռուսաստանից Վրաստան թռիչքների 60% իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը:

Նա նաև հայտնել է, որ հուլիս ամսից ավիաընկերությունը նախատեսում է շաբաթական 7 հաճախականությամբ չվերթեր ավելացնել դեպի Մոսկվա, որոնք կկատարվեն Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանից, ինչպես նաև 2 չվերթ շաբաթական հաճախականությամբ կավելացվի Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթերի քանակը: Ներկայացուցիչը նշել է, որ նախատեսվում է նաև թռիչքներ իրականացնել Գյումրիի օդանավակայանից:

«Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ցանկանում են բանակցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հետ՝ Ռուսաստանից դեպի Գյումրի փոխադրված ուղևորներին երկաթգծով դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ փոխադրելու շուրջ: Նման փոխադրում նախատեսում են նաև իրականացնել ավտոբուսներով:

«Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ առաջիկայում կներկայացնեն դեպի ՀՀ կանոնավոր չվերթերի հաճախականությունների ավելացման նոր հայտեր:

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր պատրաստակամությունը սեղմ ժամկետներում արձագանքել և հնարավոր աջակցություն ցուցաբերել տեղական և այլ ավիաընկերություններին նման փոխադրումների թույլտվությունների տրամադրման հարցում», նշվում է կոմիտեի հաղորդագրության մեջ: