Արմեն Սարգսյանը ուղարկված է․ ի՞նչ առաջադրանքո...

Երբ իշխանափոխությունից առաջ Սերժ Սարգսյանը «տուն կանչեց» Արմեն Սարգսյանին եւ նշանակեց ՀՀ նախագահ, դեռ այն ժամանակ հարցեր առաջացան կապված նրա՝ հայաստանյան քաղաքական դաշտում ունենալիք դերակատարման կամ առհասարակ նախագահի պաշտոնը զբաղեցնելու նպատակահարմարության հետ, անկախ այն բանից, որ նախագահի պաշտոնը դառնում էր սոսկ արարողակարգային ներկայացուցչական պաշտոն։

Իշխանափոխությունից հետո սպասելի էր, որ հանրապետական մեծամասնության կողմից ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական կտա ու կհեռանա, սակայն զարմանալիորեն նա մնաց ու շարունակեց պաշտոնավարել, ընդգծված կրավորական կեցվածք ընդունելով գործադիր իշխանության եւ անձամբ վարչապետ Փաշինյանի հանդեպ։ Արդեն հետիշխանափոխական իրականության մեջ, նա սկսեց ենթարկվել նվաստացումների դեռ 2018-ի մայիս հունիս ամիսներից սկսած, երբ Փաշինյանի «ջահելները» սկսեցին դեռ այդ ժամանակ Արմեն Սարգսյանին իր տեղը ցույց տալ ու ասել, որ արտաքին քաղաքականության վարումը վարչապետի իրավունքն է։

Անցնող երկու տարվա ընթացքում էլ ամեն անգամ Արմեն Սարգսյանը չափաբաժին առ չափաբաժին նվաստացումները կուլ է տալիս ու լայն ժպտում դեմքի զուտ բրիտանական սառն արտահայտությամբ, ասես ոչինչ չի եղել ու դրսում միայն անձրեւ է տեղում։ Սա ինչ խոսք, շատ տարօրինակ է։

Արմեն Սարգսյանը պատահական մարդ չէ։ Կայացած գործարար, դիվանագետ, միջազգային առումով բավական կշիռ ունեցող, կապերի տիրապետող, նույնիսկ բրիտանական արքունիք ելումուտ ունեցող։ Չուներ ոչ փողի ոչ էլ ազդեցության կարիք, որ պետք է ձեռք բերեր Հայաստանի նախագահ դառնալով։ Հետեւաբար հարց է առաջանում․ ինչու Արմեն Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել փաշինյանական Հայաստանում։

Հանրապետականների դեպքում դեռ հասկանալի էր, մինիմալ արարողակարգային կանոնները պահպանվում էին, սակայն հիմա, երբ ամեն ինչի «պլանկան» իջել է «պլինտուսին», ինչն է ձգում այդպես Արմեն Սարգսյանին․ այն աստիճան, որ պատրաստ է նույնիսկ կիսելու ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման հանցագործության բեռը Փաշինյանի հետ։ Սա կարող է ունենալ թերեւս մի պատասխան․ Արմեն Սարգսյանն «ուղարկված» է եւ ունի հստակ «առաքելություն», որը, ինչպես «Ադեկվադ»-ից Արթուր Դանիելյանն է նշում, կապված կարող է լինել  Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ։

Միայն նման առաջադրանքների կատարման դեպքում է, որ սովորաբար հանդուրժում են կամ հարմարվում հարակից կամ «կողմնակի էֆեկտ» հանդիսացող նեգատիվ ազդեցություններին(այս դեպքում նվաստացումներն ու հանցագործության մասնակից դառնալը), հանուն առաջնային նպատակի կյանքի կոչման։ Իհարկե դժվար է պնդել, թե որն է Արմեն Սարգսյանի առաջադրանքը, բայց մի բան հստակ է, որ այն Հայաստանի շահերից չի բխում։