Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արաբական Միացյա...

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին՝ Ազգային տոնի կապակցությամբ։

«Ջերմ շնորհավորանքս և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի առթիվ։

Բարձր եմ գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ գործակցության առկա մակարդակը և կարևորում տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը»,– մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Նա շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում։

Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին ուղղված ուղերձում Հանրապետության նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբի մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման նոր հնարավորությունների քննարկման համար: Վստահ եմ, որ երկկողմ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-էմիրաթական գործընկերային հարաբերություններին` ի շահ մեր ժողովուրդների»: