Արմեն Սարգսյանը Կատարի կրթության հիմնադրամի հ...

Արմեն Սարգսյանը Կատարի կրթության հիմնադրամում հանդիպել է շեյխուհի Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդի հետ (Şeiḥa Mūzah bint Nāşir al-Misnid), ով քաղաքական և հասարակական գործիչ, Կատարի շեյխ Համադ բեն Քալիֆ-ալ-Թանիի երկրորդ կինն է: Նախագահը հիմնադրամի հուշերի մատյանում նկարել է ապագա սլացող հրթիռ:

Շեյխուհին կրթությունը ստացել է Կատարի ազգային համալսարանում (1986—1990), սոցիոլոգ է: Ապա անցել է փորձաշրջան ԱՄՆ-ի առաջատար համալսարաններում: Մոզա ալ-Միսնեդը, որն իր օրինակով բացառիկ է Պարսից ծոցի մյուս երկրների կանանց համար, ունի պետական և միջազգային պարտականությունների մի ամբողջ շարք: Այդ թվում են նաև նրա արարողակարգային պարտականությունները. նա Կատարի կրթության, գիտության և հասարակական զարգացման ֆոնդի նախագահն է, Ընտանեկան հարցերի գերագույն խորհրդի նախագահը, Կրթության Գերագույն խորհրդի փոխնախագահը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ դեսպանը: Մոզա ալ-Միսնեդն իր գլխավոր նպատակն է համարում Կատարը դարձնել ժամանակակից, առաջատար երկիր, դրա համար էլ ակտիվ մասնակցություն ունի իր երկրի ու տարածաշրջանի քաղաքական, հասարակական կյանքում, գործնական ու մշակութային հարցերում: Նա հիմնել է Արաբական դեմոկրատական ֆոնդը, որտեղ նրա ամուսինը կատարել է առաջին լուրջ ներդրումը, որը կազմում է 10 միլիոն դոլար: Այս ֆոնդի գլխավոր խնդիրը ԶԼՄ-ների ազատ զարգացումն է: Շեյխուհի Մոզան նաև Կատարը նոր «Սիլիկոնե հովիտ» դարձնելու գաղափարի հեղինակն է:

Այս նպատակով ստեղծվել է Կատարի գիտության և տեխնոլոգիայի այգին, որի բացումը տեղի ունեցավ 2008 թվականի վերջերին: Այգում կատարվեցին 225 միլիոն արժողությամբ ներդրումներ, այդ թվում այնպիսի միջազգային առաջատար ընկերություններ կողմից, ինչպիսիք են «Microsoft-ը», «Shell-ը» և «General Electric-ը»: Բացի այդ, նա համարվում է Կատարում «Կրթական քաղաքի» գաղափարի հեղինակն ու այն կյանքի կոչողը: Այն իրենից ներկայացնում է մոտ 2500 հա տարածությամբ համալսարանական քաղաք՝ մայրաքաղաքի արվարձաններից մեկում, որտեղ դասախոսում են ամերիկյան համալսարանների առաջատար պրոֆեսորները: Շեյխան ակտիվորեն խրախուսում է նաև արաբալեզու «Ալ-Ջազիրա» հեղինակավոր լրատվամիջոցի գործունեությունը: 2009 թվականից հովանավորում է Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովի (WISE) իրականացումը: