Արմեն Սարգսյանը հյուրընկալել է հայազգի լորդ Դ...

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը եւ լորդ Դարզին զրուցել են Հայաստանի զարգացման, տեխնոլոգիական, կրթական եւ առողջապահական առաջընթացին առնչվող խնդիրների շուրջ, անդրադարձել այս ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների եւ նորարարական լուծումների, մասնավորապես արհեստական բանականության տարրերի կիրառմանը։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայկական ներուժը Հայաստանում եւ Սփյուռքում ավելի արդյունավետ օգտագործելու, մասնավորապես, բարձրակարգ մասնագետների փորձն ու հմտություններն ի շահ հայրենիքի եւ ժողովրդի ծառայեցնելու կարեւորությունը:

Արա Դարզին նաեւ Լոնդոնի կայսերական քոլեջի եւ Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի Պոլ Համլինի ամբիոնի ղեկավարն է, Քաթարում Համաշխարհային առողջապահական նորարարության գագաթնաժողովի գործադիր ղեկավարը, Կայսերական քոլեջի եւ Royal Marsden հիվանդանոցների խորհրդատու վիրաբույժը: Լորդ Դարզին վիրաբուժության ասպարեզում բազմաթիվ նորամուծությունների, մասնավորապես լապարոսկոպիայի եւ նոր տեխնոլոգիաներ կիրառելու հեղինակ ու առաջամարտիկ է։