Ամիսներ առաջ ՀՀ նախագահ (ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի իրավական բնորոշմամբ ոչ լեգիտիմ նախագահի) Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ,Գյումրիում ներկա էր գտնվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը:
Այս այցի մասին տեղեկատվությանը կցված լուսանկարները իրապես հուզել էին շատերին։ Հատկապես այն լուսանկարը, որտեղ նախագահը համբուրում է զինվորական արտահագուստով երիտասարդ դերասանի ճակատը; Նախագահ Արմեն Սարգսյանը այս կերպ փորձել է ցույց տալ իր սերն առ ազգային բանակ և գնահատանքը դեպի հայ զինվոր, ով իր կյանքը վտանգի ենթարկելով՝ պաշտպանում է հայրենիքի սահմանները։
Այս ամենը, իհարկե, ծիծաղելի չէր լինի, թե իրականում նախագահը իր կենցաղով, կյանքի օրինակով հայրենասեր ղեկավարի օրինակ լիներ։ Այն, որ Արմեն Սարգսյանը կեղծում է և իրեն հյուրնկալած թատրոնի դերասաններին ոչնչով չի զիջում իր դերասանական ունակություններով, ապացուցում է նրա կյանքի մի դրվագ։
Հայրենասեր խաղացող Արմեն Սարգսյանի երկու տղաներն էլ չեն ծառայել զինված ուժերում։ Ավելին՝ իր դեսպան աշխատած տարիներին նա իր կապերն ամեն կերպ օգտագործել է, որ իր տղաները կառավարության որոշմամբ մի քանի անգամ հետաձգեն իրենց՝ զինվորական ծառայության մեկնելը, իսկ վերջում նա բրիտանական քաղաքացիություն է ստացել իր որդիների համար և ազատել զինվորական ծառայությունից։
Ի դեպ մենք պաշտոնական հարցումներ էին ուղարկել պատկան մարմիններին, որոնք հրաժարվեցին տեղեկություններ տրամադրել, թե ի՞նչ հիմքով են Արմեն Սարգսյանի որդիները ազատվել զինվորական ծառայությունից։ Արմեն Սարգսյանի աշխատակազմը ևս անհրաժեշտ տեղեկատվություն չի տրամադրում։