Ա. Ամիրյանն այսօր հրաժեշտ տվեց նախարարության իր գործընկերներին

ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական էջում քիչ առաջ տարածվեց Արմեն Ամիրյանի և արդեն նախկին գործընկերների այսօրվա հանդիպումից մանրամասներ, որտեղ մասնավորապես նշված է.

ՀՀ մշակույթի արդեն նախկին նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրաժեշտ տվեց նախարարության իր գործընկերներին, որոնց հետ փորձեց, ինչպես ինքն ասաց՝ անել առավելագույնը ոլորտում արմատացած խնդիրները լուծելու, հայ մշակույթն արժանի բարձրության վրա պահելու, աշխարհին այն արժանապատվորեն ներկայացնելու համար: Գործընկերներին հրաժեշտ տալու համար Արմեն Ամիրյանը եկել էր ընտանիքի՝ կնոջ ու կրտսեր դստեր հետ:

«Ցավոք, ավագ երեխաներս, թոռնիկս այստեղ չեն, այլապես նրանք էլ այստեղ կլինեին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեկ ու կես տարվա համատեղ աշխատանքի համար: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է ծառայել հայ մշակույթին, ծառայել հայրենիքին: Ես այդ գիտակցությամբ եկա, և հուսով եմ, որ մենք միացանք այդ գիտակցությանը, և մեկ ու կես տարվա ընթացքում միասին կարողացանք աշխատել, արարել հենց այդ գիտակցությամբ»,- հանդիպման ժամանակ ասել է նախկին նախարարը:

Ի՞նչ հասցրեց անել Արմեն Ամիրյանը պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում. չենք շարադրի: Ցանկության դեպքում ցանկը կարելի է գտնել ոչ միան նախարարության պաշտոնական կայքէջում ու ֆեյսբուքյան էջում, այլև ամենատարբեր լրատվամիջոցներում, որոնք ակտիվորեն լուսաբանել են մեկ ու կես տարվա ընթացքում նախարարի իրականացրած տասնյակ ծրագրերը:

Ի՞նչ չհասցրեց անել Արմեն Ամիրյանը.

«Շատ գործեր, ցավոք, կիսատ մնացին, բայց ես վստահ եմ, որ դուք շարունակելու եք այդ ծրագրերը՝ հասցնելով տրամաբանական ավարտին: Եվ վստահ եմ, որ այլևս որդեգրված է այն սկզբունքը, որը պահանջվելու է՝ բարձր հաշտվետվողականություն, ունենալու եք ստեղծագործ մտքեր, որոնք իրականացնելու եք ամենօրյա քրտնաջան աշխատանքով, և ամենակարևորը՝ հայ մշակույթն անպայման տանելու ենք արժևորման ճանապարհով»:

Արմեն Ամիրյանը հիշեցրել է, որ մայիսի 9-ին և 14-ին «Համահայկական նվագախմբի» համերգներն են, մայիսի 25-ին «Համահայկական երգչախմբի» համերգը, մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրությունը, հետո՝ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ը, «Երևան 2800» — ը, Ժամանակակաից արվեստի միջազգային ցուցահանդեսը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին առնչվող միջոցառումները և այլն:

« Այս ամենը պատվով իրականացնելու համար ձեզնից պահանջվելու է կրկնակի ջանք ու եռանդ: Դուք անելու եք ավելին, որպեսզի սկսած նախագծերն արժանապատվորեն ներկայացնեք մեր հանրությանը»,-ընդգծել է նա:

Նաև ներողություն է խնդրել նախկին գործընկերներից.

«Թերևս որոշ դեպքերում եղել եմ կոպիտ և կտրուկ, բայց հավատացե՛ք, որ դա եղել է հանուն գործի, հանուն այն նպատակի իրականացման, որը եղել է առաջնայինը իմ բոլոր ծրագրերի ու պատկերացումների մեջ: Ուզում եմ իմանաք, որ ցանկացած պահի պատրաստ եմ կանգնել ձեր կողքին՝ որպես ընկեր, որպես բարեկամ: Վստահ եմ, որ բարեկամական մեր հարաբերությունները շարունակվելու են շատ երկար»:

Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը նաև անկեղծացավ.

«Անկեղծ ասած, երկրորդ նախարարին եմ ճանապարհում, ու մարդկայնորեն ինձ համար հեշտ չէ: Մենք ձեզ շնորհակալ ենք, որովհետև բերեցիք նոր մտածողություն, նոր սկզբունքներ, որոնք սկզբում մեզ համար գուցե խորապես ընկալելի չէին, բայց արդյունքում պարզվեց, որ դրանք իսկապես «աշխատում են… Այստեղ բոլորը կհամաձայնեն՝ չափազանց հաճելի էր ձեր զանգերին արձագանքելը, որովհետև մեր անունից հետո «ջան»-ից բացի որևէ մեկս այլ բան չի լսել: Երբ ասացիք՝ զայրացել եք, փորձեցի հիշել մի դեպք ու չհիշեցի: Ես միշտ ասում էի՝ նախարա՛ր ջան, մի քիչ զայրացի, այդքան բարի լինել չի՛ կարելի: Խոստանում էիք ու էլի չէիք անում»:

Պաշտոնը ստանձնելիս՝ մեկ ու կես տարի առաջ, Արմեն Ամիրյանը նախարարություն եկավ ծափերով ու հրաժեշտ տվեց ծափերի ներքո…

Ի դեպ, գերատեսչության ղեկավարի քայլին է հետևել նաև վերջինիս մամուլի խոսնակը՝ Ռուզաննա Խաչատրյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի գործընկեր լրագրողներ, այսօրվանից ես վայր եմ դնում ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղարի լիազորությունները. նախարար Արմեն Ամիրյանի հետ եկել եմ, իր հետ էլ հեռանում եմ։

Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար և եթե ինչ-որ բանով ձեզ դժգոհ եմ թողել, ներող եղեք։

Շատ հպարտ եմ, որ պրն Ամիրյանն այնպիսի մթնոլորտ ստեղծեց նաև ձեզ հետ հարաբերություններում, որ ես լրագրողական իմ սկզբունքներին դավաճանելու առիթ չունեցա»:

Լուսանկարները՝ Մշակույթի նախարարության Facebook-յան էջից

 


Այս թեմայով