Արման Բաբաջանյանը խախտել է պատգամավորական էթի...

Ազգային հակակոռուպցիոն խորհրդի վերջին եզրակացությամբ` ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը խախտել է պատգամավորական էթիկայի նորմերը և քաղաքացու նկատմամբ հնչեցրել անվայելուչ արտահայտություններ ու սեռական բնույթի հայհոյանքներ: 

Խորհուրդն ուսումնասիրության է ենթարկել 2020 թվականի փետրվարի 6-ին www.politik.am կայքի` «Տեսանյութ. Արման Բաբաջանյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել քաղաքացուն. պատգամավորը ստում է» վերտառությամբ հրապարակումը, որից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի անկախ պատգամավորը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անձնական նամակագրության ժամանակ հայհոյել և անպարկեշտ խոսքեր է ուղղել քաղաքացի Մարիամ Կիրակոսյանին:   

Ավելի ուշ, երբ Մարիամ Կիրակոսյանը բարձրաձայնել է տեղի ունեցածի մասին և հրապարակել նամակագրությունը` քննադատելով պատգամավորին անհարիր պահվածքի համար, Բաբաջանյանը ոչ միայն չի փորձել խնդիրը հարթել, այլև հակառակը, ստի միջոցով փորձել է մանևրել` հայտարարելով, թե հրապարակված նամակագրության հետ ինքը որևէ առնչություն չունի:

Խորհուրդն իր ուսումնասիրության արդյունքում փաստում է, որ հրապարակված նամակագրությունը իրական է, և պատգամավորի կողմից թույլ է տրվել ԱԺ պատգամավորի էթիկայի նորմերի նկատմամբ օրենսդրության կոպտագույն խախտում: Պատգմավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ նա շփվում է ինչպես իր լիազորություններն իրականացնելիս, այնպես էլ իր ամենօրյա վարքագծում:

Մասնավոր խոսակցությամբ անձի հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքներն իրենց մեջ ակնհայտորեն պարունակում են վիրավորանք` որոշակի շրջանակի անձանց նկատմամբ: Նշված արտահայտություններն իրենց բնույթով պարունակում են անձի վարքի, անձնական հատկությունների վերաբերյալ բացասական գնահատական և արհամարհանք, որոնք ակնհայտորեն նսեմացնում են անձն ու նրա արժանապատվությունը: Քաղաքացիների հետ շփումներում, սոցիալական կայքերում պատգամավորի կողմից այդ և նմանօրինակ արտահայտությունների գործածությունն ակնհայտորեն չի արտահայտում հարգանք քաղաքացու կամ զրուցակցի հանդեպ:

Խորհուրդը նման արտահայտությունների անձնավորված գործածությունը, թեկուզ առանձին ու մասնավոր զրույցներում, անպատշաճ է դիտարկում պատգամավորի կարգավիճակին և կերպարին, քանի որ դա որևէ կերպ չի նպաստում պատգամավորի բարեկրթության, օրինավորության վերաբերյալ հասարակական պատկերացումների կառուցմանը, ինչն Ազգային ժողովի նկատմամբ հանրության հարգանքի և վստահության ձևավորման անհրաժեշտ նախադրյալ է:

Եզրակացությունը Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն ուղարկել է ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին՝ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ։