Արման Աբովյանը դեռևս փետրվարի 12-ին զգուշացրե...

Չինաստանից գրեթե ամբողջ աշխարհով տարածված նոր տիպի կորոնավիրուս համավարակը բացի առողջապահական խնդիրներից լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնեցրել պետություններին։ Հիմա արդեն հասկանալի է, որ այս համավարակը տնտեսական լուրջ ճգնաժամի պատճառ է դառնալու, ճգնաժամն արդեն տեսանելի է։ Աշխարհի տնտեսությունների մեծ մասը լուրջ կորուստներ է կրում։

Այս իրավիճակում քիչ կորուստներով են դուրս գալիս այն պետությունները, որոնք կարողացել են կանխատեսել հնարավոր զարգացումները և նախապատրաստական աշխատանքներ են կատարել, թե՛ տնտեսական և թե՛ առողջապահական տեսանկյունից։

Հայաստանը ևս կարող էր այդ պետությունների թվին դասվել, եթե գործադիրն առավել լուրջ վերաբերվեր համաշխարհային ճգնաժամի վերածվող այս խնդիրն։ 

Պարզվում է՝ դեռևս երկու ամիս առաջ և արտակարգ դրություն հայտարարելուց մեկ ամիս առաջ Ազգային Ժողովի պատգամավոր Արման Աբովյանը վերլուծել էր հնարավոր զարգացումները և փորձում էր հասկանալ, թե կառավարությունը ինչպիսի՞ քայլեր է իրականացնում  մոտեցող առողջապահական և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։ 

Փետրվարի 12-ին Արման Աբովյանն Ազգային Ժողովում  գործադիրի հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվում էր, թե կորոնավիրուսի պատճառով տնտեսական ճգնաժամ կարո՞ղ է առաջանալ, Հայաստանը պատրա՞ստ է նման զարգացման։ 

Պատգամավորի հարցին ի պատասխան Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանում է․«Ճիշտ եք, աշխարհը մտահոգված է զարգացումներով, բայց կա լավատեսություն, որ հնարավոր իրավիճակները պետք է գտնվեն կառավարելիության սահմաններում: Տարբեր գնահատականներ կան, թե Չինաստանի տնտեսության վրա որքան ազդեցություն կլինի: «Բլումբերգ»-ի կանխատեսմամբ՝ չինական տնտեսությունում որոշ ուղղություններ ազդեցություն կկրեն»։

Պատգամավորը կրկին փորձում է հասկանալ, արդյո՞ք կառավարությունը ունի գործողությունների պլան, քանի որ չի կարելի բացառել, որ համավարակը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել։ Նախարարը վստահեցնում է, որ համավարակի տարածումը դեռևս այն փուլում չէ, որպեսզի մտահոգություններ լինեն․«ՀՀ-ն Չինաստանի հետ պղնձի խտանյութերի արտահանմամբ է միայն կապված: Ուստի մեր տնտեսությունը մեծ ազդեցություն կրել չի կարող: Այս փուլում չկան հարցեր, որոնք կարող էին մեր տնտեսական աճի կանխատեսումների վրա ազդեցություն ունենալ»

Արման Աբովյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցը բխել է կոնկրետ հաշվարկներից և պատասհական չի եղել իր մտահոգությունները, որոնք, ըստ էության, հարյուր տոկոսով իրականացան իր հարցը հնչեցնելուց մեկ ամիս հետո, երբ կառավարությունը ստիպված եղավ արտակարգ դրություն հայտարարել։

Ազգային Ժողովում երկու ամիս առաջ տեղի ունեցած այս միջադեպը ցույց է տալիս կառավարության իրական պատրաստավածությունը և թե պետական կառավարման ինչպիսի հմտություններ ունեն, ավելի շուտ ինչպիսի հմտություններ չունեն։

Փաստորեն մի ամբողջ կառավարություն անգամ մեկ ամսվա կտրվածքով չի կարողանում հաշվարկներ անել և կանխատեսել այն վտանգները, որոնք կարող են սպառնալ Հայաստանին։ 

Մի բան ակնհայտ է, եթե կառավարությունը ականջալուր լիներ պատգամավոր Արման Աբովյանի մտահոգություններին և դեռևս փետրվարին ունենար գործողությունների ծրագիր, ապա նոր տիպի կորոնավիրուսի համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքները շատ ավելի մեղմ կարող էին լինել։ Մնում է հուսալ, որ այսուհետ կառավարությունում կլսեն մարդկանց՝ ում իրականում պետք է լսել։