«Արջի ծառայություն» Արթուր Վանեցյանին

Օրեր առաջ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ էր գրել՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նշել էր, թե Հոկտեմբերի 27-ից հետո իրեն, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ներկայացրել է մի թղթապանակ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում այդ թղթապանակն անհետացել է:

Վահան Շիրխանյանի այս հայտարարությունների մասով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել էր․«Այո՛, ես տեղեկություներ ունեմ, բայց ես ո՛չ կհաստատեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, ո՛չ կհերքեմ, գործը վարող մարմին կա՝ Հատուկ քննչական ծառայությունն է, բոլոր հարցերով դիմեք ՀՔԾ-ին»։

Եվ ահա մինչ ԱԱԾ պետը լրագրողներին ուղորդում է գործը վարող մարմին՝ ՀՔԾ Գագիկ Ջհանգիրյանը որոշում է օգտվել իրավիճակից և մանրամասններ է ներկայացնում Նաիրի Հունանյանի հայտնի օպերատիվ գործի մասին․«Նաիրի Հունանյանը դեռևս 1988թ. գտնվել է ազգային անվտանգության մարմինների տեսադաշտում: Նա ուսումնասիրվել է որպես գործակալի թեկնածու՝ հավաքագրման նպատակով, որպեսզի օգտագործվի տարածաշրջանի երկրներից մեկի հատուկ ծառայությունների դեմ: Ինչպես հաստատում է ԱԱ նախարարության կողմից կատարված ծառայողական քննության եզրակացությունը՝ 1999թ. գարնանը Նաիրի Հունանյանի վերաբերյալ ազգային անվտանգության մարմիններում ստացվել է տեղեկություն, որի ստուգումը համապատասխան բաժինը գլխավորող ղեկավարի կողմից անուշադրության է մատնվել: Հակված եմ մտածելու, որ նշված պաշտոնյայի կողմից ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման դեպքում հնարավոր կլիներ խափանել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,-«Ֆակտոր» լրատվականին փոխանցում է իր ասուլիսից մի հատված, որը, ըստ Ջհանգիրյանի, հրապարակվել է 2016 թվականի իր գրքում։


Գագիկ Ջհանգիրյանը, ըստ էության, «արջի ծառայություն» է մատուցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին։ Հրապարակում է տեղեկություններ, որոնց մասին ԱԱԾ պետը հրաժարվել է հրապարակային խոսել։ ԱԱԾ-ն իհարկե կարող է իրականությունը ներկայացնել այս ամենի մասով, որ Ջհանգիրյանի ջանքերով կարող է ստեղծվել տպավորություն, որ ԱԱԾ ինչ որ բան թաքցնում է։

Ի վերջո, ինչու՞ ԱԱԾ-ն չի խոսում իրեն առնչվող միջադեպի մասին, որի մասին իրենց թույլ են տալիս խոսել կառույցի գործունեության հետ կապ չունեցող մարդիկ, որոնք ինչ-որ իմաստով ԱԱԾ լռությունը ի նպաստ իրենց քաղաքական շահերի են օգտագործում։