Հովիկ Աբրահամյանի որդին կորցրել է իր բոլոր բիզնեսները. վարչապետի բացահայտումը

Ինքս եմ լինելու իմ քննադատը. Արգամ ԱբրահամյանԵրեկ Կառավարության ընդունելությունների տանը Շինարարի օրվա առթիվ անցկացվող միջոցառման ժամանակ վարչապետը վստահեցնում էր, թե կառավարությունը ջանքեր է գործադրում՝ շինարարության ոլորտը զարգացնելու ուղղությամբ։

Ընդունելությունից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով լրագորղի հարցին, գործարար Վարդան Սերմաքեշի և իր որդու բիզնես գորընկերության մասով՝ հայտարարել էր, որ իր որդին բիզնես չունի.«Իմ որդին բիզնես չունի։ 5 տարի է չի գործում այդ ընկերությունը։ Եվ դուք պետք է ուրախ լինեք,  որպես Հայաստանի քաղաքացի, որ ես իմ անձնական կապերը ներ եմ դնում և մարդկանց հրավիրում եմ, որ Հայաստանում ներդնում անեն»,-ասել էր պարոն Աբրահամյանը։

Հետաքրքիր է, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը փորձում թաքցնել իր որդու բիզնեսը: Հայաստանում Արգամ Աբրահամյանը այն եզակի երիտասարդներից է ում բիզնեսները տասնայակներով են հաշվում: 2014 թվականի hetq.am էլեկտրոնային հետաքննական պարբերականի միայն մեկ հրապարակման մեջ նշված են տասնյակ բիզնեսներ, որտեղ Արգամ Աբրահամյանը ունի կամ մասնաբաժին, կամ բիզնեսն ամբողջությամբ իրենն է:

«Արտաշատ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ն 100%-ով պատկանում է Արգամ Աբրահամյանին, իսկ տնօրենը նրա ազգական Գագիկ Պողոսյանն է: Կրտսեր Աբրահամյանը 43.5 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող ընկերության սեփականատեր է դարձել 2011թ-ին:

«Աբովյան Սիթի»-ն Աբովյանում հայտնի է, որպես Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի սուպերմարկետ: Հիմնական դերակատարներից է նաեւ Արգամ Աբրահամյանը: Վերջինս 50/50 կիսել է «Աբովյան Սիթի» ՍՊԸ-ն Նոյեմզար Քալաջյանի հետ:

Մխչյան գյուղի «Մեծն Արգամի» ընկերության հարեւանությամբ է գտնվում վարչապետի տիկնոջ հաջորդ ընկերությունը՝ «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն: Այն երկհարկանի սուպերմարկետ է՝ առեւտրի տարբեր բաժիններով: Ընկերության հիմնադիրը դարձյալ Գագիկ Պողոսյանն է եղել: Նա ՍՊԸ-ի եկամուտները «վայելել» է մինչեւ 2014թ. ապրիլի 29-ը, դրանից հետո «Արտաշատ Սիթի»-ն ամբողջությամբ անցել է Ջուլիետա Աբրահամյանին: Վարչապետի տիկնոջ ընկերությունը ղեկավարում է Մխչյան գյուղի բնակիչ Ավագ Հովհաննիսյանը

Երեւանի կենտրոնում` Ամիրյան 4/7 հասցեում է գրանցված Արգամ Աբրահամյանին 100%-ով պատկանող «Իմպերիում Պլազա» ՓԲԸ-ն, որի կանոնադրական կապիտալը կազմում է 1 միլիարդ 888 միլիոն 700 հազար դրամ (4,6 մլն դոլար): Ուշագրավ է, որ գործունեության հասցեն հստակ նշված չէ, այլ նկարագրված է` «Արտաշատ, Օգոստոսի 23-ի և Շահումյան փող. աջակողմյան խաչմերուկ»:

Արգամ Աբրահամյանին պատկանող այդ շենքի մի հատվածն էլ զբաղեցնում է նրա «Hotel National» հյուրանոցային համալիրը: Այս շենքը նախկինում պատկանում էր Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Գասպարյանին: Նրա մահից հետո (2009 թ. մահացել է ավտովթարից) շենքի սեփականատերը դարձավ Արգամ Աբրահամյանը:

Նույն՝ Ամիրյան 4/7 հասցեում է գրանցված  «Իմպերիում Գրուպ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2014թ. փետրվարին: Այս ընկերության միակ սեփականատերը Արգամ Աբրահամյանն է, որն անձամբ է ղեկավարում այն՝  զբաղեցնելով տնօրենի պաշտոնը:

«Դալար Բարդի» ՍՊԸ-ին է պատկանում Արտաշատի կենցաղի տունը: 2012թ-ին ՍՊԸ-ի 100% սեփականատեր է դարձել Արգամ Աբրահամյանը: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 31.3 միլիոն դրամ: «Դալար Բարդի» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը վստահվել է ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի ամուսնուն՝ Ռոբերտ Գասպարյանին:

«Ջուլի» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվում է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններով: 100 տոկոս բաժնետերը Արգամ Աբրահամյանն է: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն այս տարվա փետրվարի 4-ին «Ջուլի» ՍՊԸ-ին երկու տարի ժամկետով տրամադրել է թույլտվություն, որպեսզի վերջինս ուսումնասիրի Վայոց ձորի մարզի Ելփինի պղինձ-մոլիբդենային պաշարները: Նախկինում այս տարածքի օգտակար հանածոների ուսումնասիրությամբ զբաղվում էր Արգամ Աբրահամյանին 100%-ով պատկանող մեկայլ ընկերություն՝ «Արգամիկ» ՍՊԸ-ն:

«Արգամիկ» ՍՊԸ-ի տնտեսական գործունեության մեջ է մտնում հանքերի արդյունահանումն ու շահագործումը, քարերի մշակումը, ինչպես նաեւ ձկնաբուծությամբ զբաղվելը, կենցաղային եւ տրանսպորտային ծառայություններ մատուցելը եւ այլն:

Եվ այս ցանկը դեռ ամբողջական չէ: Մնում է զարմանալ, թե այդ ի՞նչ է, եթե ոչ բինզես: Հիմա հասկանալի է, թե ինչու և ինչպես էր Սուրիկ Խաչատրյանը հրապարակային ստում՝ հավաստիացնելով, թե իր որդին Սղդի գյոլ կոչվող վայրում տեղի ունեցած հանցագոծության ժամանակ Երևանում է եղել, իսկ հետո պարզվեց, որ Տիգրան Խաչատարյանը իրականում եղել է դեպքի վայրում: Հիմա ո՞վ պետք է հորդորի Սուրիկ Խաչատրյանին չստել, Հովիկ Աբրահամյա՞նը:

Հ.Գ. Երբ իշխանավորները թաքցնում են իրենց կամ իերնց հարազատների բիզնեսները՝ դա նշանակում է, որ իրենք այդ ամենը ձեռք են բերել կամ ստեղծել են ոչ օրինական ճանապարհով և իսկապես թաքցնելու բան ունեն:

Դիտվել է 1,462 անգամ
 


Այս թեմայով