Արդյոք Վլադիմիր Պուտինին կփոխարինի Ռոման Պուտ...

Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկը՝ Ռոման Պուտինը ստեղծում է քաղաքական կուսակցություն, «Գործի մարդիկ» շարժման բազայի վրա։ Կուսակցության կորիզը լինելու են բիզնեսմենները։ Կուսակցությունը լինելու է աջ-կենտրոնամետ, պաշտպանելու է բիզնեսի շահերը, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով հակամոնոպոլիստական պայքարը եւ փոքր բիզնեսին հատկացվող աջակցությունը։

Ռոման Պուտինը, ով նույնպես գործարար է, հայտարարել է, որ իրենց նպատակը Պետդումայում մանդատներ ունենալն է Դումայի ընտրություններում։ Ինչ խոսք, լուրը շարքայիններից չէ, հատկապես այժմ, երբ Ռուսաստանում կրկին ակտիվացել են խոսակցությունները իշխանության տրանզիտի եւ Պուտինի հեռանալու մասին։

Դժվար է ասել, թե մինչեւ 2024 թվական նոր կուսակցությունը կկարողանա արդյոք ունենալ այնքան թափ, որ ասենք մի գեղեցիկ օր Վլադիմիր Պուտինին փոխարինի Ռոման Պուտինը։ Դժվար է նաեւ ասել, թե ռուսական իշխող էլիտան կուզենա մի Պուտինին մյուսով փոխարինել։ Սակայն ուշագրավ է այն, որ ռուսական քաղաքական դաշտ է մտնում եւս մեկ Պուտին, ու հաստատ Ռոման Պուտինը առանց Վլադիմիր Պուտինի հավանության չէր հայտարարի նման բան։

Առայժմ պարզ է միայն մի բան, ռուսական իշխող էլիտան փորձում է ինչ որ կոնսենսուս գտնել, քանի որ հասկացան, որ նախ Պուտինին ռեալ փոխարինող չկա եւ հնարավոր փոխարինողներն էլ հնարավոր է այնքան հավատարիմ չլինեն, որքան օրինակ Դմիտրի Մեդվեդեւը, ով դարձավ նախագահ, ապա պաշտոնը վերադարձրեց Վլադիմիր Պուտինին։ Ուստիեւ Կրեմլը որոշեց խաղարկել Վալենտինա Տերեշկովայի կողմից բարձրաձայնված խաղաքարտը, որը ընդհանուր առմամբ ամեն բան կպահի կայուն բալանսի վրա, մինչեւ «թագաժառանգի» որոնումներն ավարտվեն։