Արդեն քանի օր է Բաքուն Հայաստանին ներկայացնու...

Արդեն երկու-երեք օր է ադրբեջանական քարոզչամեքենան ամբողջ թափով աշխատում է՝ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» թեման տարածելով ամբողջ աշխարհով մեկ։ ԱՄՆ-ից մինչեւ Ավստրալիա, Գերմանիայից մինչեւ Կենտրոնական Ասիա եւ Ռուսաստան, ադրբեջանական լոբբիստական կառույցները զբաղված են Բաքվի քարոզչամեքենայի հերթական ակցիան իրականացնելով։

Ֆլեշմոբներ, մամուլի հրապարակումներ, ցուցադրություններ, հուշ-երեկոներ, պաշտոնական միջոցառումներ, նույնիսկ՝ գիտական զեկուցումներ։ Կարելի է միայն պատկերացնել, թե ասենք միայն Նյու-Յորքում մեկ ակցիայի իրականացման համար որքան գումար է ծախսվել։ Հայտնի թեզի համեմատ, թե «տվեք մամուլ եւ ցանկացած սուտ կարող է ճշմարտության սոուսի տակ մատուցել», Բաքուն լծվել է այս գործին եւ պետք է ասել՝ բավական հաջողությամբ։

Սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ քարոզչական հարթակում հայկական կողմը միշտ առավելություն է ունեցել, մինչեւ իշխանափոխություն։ Տարօրինակ է, սակայն կարծես թե Հայաստանի ներկա իշխանություններին այս ամենը չի էլ անհանգստացնում։ Չեն էլ անհանգստանում, որ Հայաստանն այդ ակցիաներից յուրաքանչյուրում ներկայացվում է որպես արյունարբու ագրեսոր ու կարիք կա գոնե հակադարձելու։

Տպավորություն է, թե պատմություն չունեցող, անանցյալ մի զանգվածի հետ գործ ունենք, որոնց համար մոլորակը ստեղծվել է հենց Նիկոլ Փաշինյանի համար եւ նրանից առաջ պարզապես նույնիսկ տիեզերական Մեծ Պայթյունը տեղի չի ունեցել։ Ի դեպ, այսօր փետրվարի 27-ն է, Սումգայիթյան կոտորածների հիշատակի օրը։ Իշխանական ճամբարից զրո արձագանք։ Սա է նոր Հայաստանը եւ այսպիսի իշխանությունը մեծ հարց է, թե կկարողանա պայքարել հանուն Արցախի։