Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարց...

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով կուսակցության կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ իր հանդիպմանը, նշել է, որ իրավունք չունենք թուլացնելու սահմանը պահող զինվորի թիկունքը և քաղաքական ամբիցիաների պատճառով երկրում ցնցումներ հրահրել:

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած «Հայրենիք» երիտասարդական ճամբարի հերթական հերթափոխի հետ հանդիպումս կրկին շատ հագեցած էր և հետաքրքիր: Մեր շնորհալի երիտասարդները հանդես եկան մշակութային հետաքրքիր ծրագրով, որին հաջորդեց ջերմ և մտերմիկ զրույց:

Իմ խոսքում անդրադարձել եմ վերջին շաբաթներին մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին՝ ընդգծելով, որ մեր առաջնահերթ անելիքը ներքին կայունության ապահովումն է: Մենք իրավունք չունենք թուլացնելու սահմանը պահող զինվորի թիկունքը և քաղաքական ամբիցիաների պատճառով երկրում ցնցումներ հրահրելու: Եթե ընտրել ենք իրավական և ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհը, մեր բոլոր գործողությունները պետք է բխեն այդ սկզբունքներից: Միայն այդ պարագայում կարելի է ապահովել ազատ, արդար ընտրություններ՝ ձևավորելով լեգիտիմ իշխանություն, և «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու իր գործողություններում:

Այս կարևոր ուղերձն եմ հղել մեր երիտասարդներին՝ հորդորելով նրանց լավ ապագա կառուցելու տեսլականը և դրանից բխող գործողությունների ծրագիրը իրականացնել միայն այդ համատեքստում:

Հանդիպման ընթացքում պատասխանել եմ նաև ճամբարականներին հուզող բազմաբնույթ հարցերին, իսկ վերջում սիրով ընդունել եմ կուսակցության շարքերը համալրել ցանկացող մի խումբ երիտասարդների դիմումները: Ողջունում եմ նրանց որոշումը՝ համոզված լինելով, որ իրենց ակտիվությամբ ու գաղափարներով նոր որակ են ապահովելու կուսակցության առաջիկա և հետագա աշխատանքներում»։

 1