Արցախի սուբյեկտացումը դավաճանություն է․ «Սասն...

Համավարակի պայմաններում երկու փուլով Ստեփանակերտի մաֆիայի վերարտադրությունն ապահովելուց հետո պաշտոնական Երևանը հերթական քայլը կատարեց Արցախի սուբյեկտացմամբ նրա աբխազացումը շարունակելու ուղղությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. մայիսի 21-ին տեղի ունեցած՝ Ստեփանակերտի մաֆիայի նոր պարագլուխ Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտի արարողությանն իր մասնակցությամբ և դրա ժամանակ արտասանած իր ճառում կրկին խոսեց Արցախի ինքնորոշման դե յուրե ճանաչման մասին։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը:

Ձեռնպահ մնալով Նիկոլ Փաշինյանի վերը նշված համեմատության ակնհայտ անհեթեթությունը հիմնավորելուց, պաշտոնապես արձանագրում ենք, որ, ըստ նրա՝ իր գլխավորած այսպես կոչված թավշյա հեղափոխության հիմնական նպատակը Արցախը ինքնորոշելու միջոցով Հայաստանի Հանրապետությունից անջատելն է։

Ընդսմին, պետք է հաշվի առնենք, որ Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումը խաբեություն է, որի հեղինակն ու հիմնական շահառուն Ռուսաստանն է։ Ուստի Արցախի սուբյեկտացումը սպասարկելով՝ պաշտոնական Երևանը ՀՀ ազգային շահերի հաշվին սպասարկում է ՌԴ շահերը։

ՀՀ իրարահաջորդ վարչախմբերի ղեկավարների շարքում Նիկոլ Փաշինյանը հիրավի բացառիկ է այն առումով, որ իր պետության տարածքը մասնատելու մասին խոսում է պաթոսախեղդ հեղափոխական հռետորաբանությամբ շաղախված առանձնակի ոգևորությամբ։

Վերը նշվածի հաշվառմամբ ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի սուբյեկտացումը ՀՀ տարածքային ամբողջականության խախտման ձևով դրսևորվող ազգային դավաճանություն է, որի իրագործողները պատասխան են տալու պատմության, հայության և դատարանի առաջ։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն