Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել Պ...

Արցախի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանն այսօր Պաշտպանության բանակի շտաբում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ԶՈՒ բարձրագույն սպայակազմին են ներկայացվել նախագահի հրամանագրերը, համաձայն որոնց պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար է նշանակվել ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Աբրահամյանին Արցախի պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, շնորհավորել Ջալալ Հարությունյանին բարձր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս է՛լ ավելի կբարձրացնի բանակի մարտունակության աստիճանը:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցությանը մասնակցել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Կարեն Աբրահամյանը Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը թողնելու կապակցությամբ խոսք է ուղղել ՊԲ անձնակազմին, որում խորին երախտագիտություն է հայտնում համատեղ ծառայության համար և համոզմունք, որ «Արցախի զինված ուժերն, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատվով կկատարեն Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը»:

«Ձեռքբերումների առումով անցած 2019 թվականը, իրոք, բեկումնային տարի էր Պաշտպանության բանակի համար: Ակնհայտ հաջողություններ ունեցանք գրեթե բոլոր ոլորտներում», - մասնավորապես նշում է գեներալ-լեյտենանտը։