Արցախի ճակատում լարվածության ավելացում կլինի․...

Հայաստանում ամբողջ թափով շարունակվում է այսպես ասած ներքաղաքական «կլոունադան», չնայած, որ մոլեգնում է կորոնավիրուսային ինֆեկցիան եւ դրան ավելացրած նաեւ, վերջին շրջանում բավական լարվել է իրադրությունը Ղարաբաղյան հակամարտության ճակատում։

Ինչ է կատարվում Արցախյան հարցի շուրջ, եւ ինչ կարելի է սպասել Ադրբեջանից, եւ ինչպես են իրենց դրսեւորելու հայաստանյան ոչ իշխանական քաղաքական ուժերը։ Թեմայի շուրջ Politik.am-ը զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հետ։

Պատգամավոր Աբովյանը կարծում է, որ հայկական դիվանագիտության համար (նկատի ունենալով Հայաստանի Արցախի եւ Սփյուռքի դիվանագիտությունը) որպես բանակցային հիմք պետք է լինի Արցախի դե ֆակտո անկախ կարգավիճակը վերածել դե յուրե կարգավիճակի, այսինքն անենք այնպես, որ միջազգային հանրությունը դե յուրե ընդունի Արցախի անկախությունը եւ միայն դրանից հետո միայն արդեն անկախ Արցախը կկարողանա բանակցել յուրաքանչյուր պետության հետ յուրաքանչյուր խնդրի շուրջ, քանի որ դա Արցախի Հանրապետության սուվերեն գործառույթն է։

Արման Աբովյանը հիշեցրեց, որ «ԲՀԿ» դիրքորոշումը այս հարցում հստակ է, որ Արցախի տարածքը անբաժանելի է եւ սուվերեն է եւ տարածքաների հարց քննարկել պետք չի։Մեր զրուցակիցը հիշեցրեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, նկատելով, որ ինչ անուն էլ դնենք՝ փաստաթուղթ, կարգավորման սկզբունքներ եւ այլն, սակայն պարզ է, որ կա մի հենք, բազիս, եւ իզուր չէ, որ համանախագահ երկրներից մեկը հայտարարեց դրա մասին։ Ու հետաքրքրական է այն, որ եւ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ոչ հերքել են, ոչ էլ չեն հերքել Ռուսաստանի՝ երրորդ համանախագահ երկրի կողմից հնչեցված հայտարարությունը։

«Սա շատ կարեւոր պահ է, քանի որ այս դեպքում կարծես թե համանախագահների մոտ կա լուռ համաձայնություն»։

Պատգամավորը ընդգծում է, որ այս ամենով հանդերձ, չպետք է թույլ տալ, որպեսզի գեներացվեն հակառուսական տրամադրություններ, որովհետեւ նույնատիպ հայտարարություններ արել են նաեւ եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներըю«Հիմա այս պարագայում պետք է հստակ հասկանանք, թե ուր ենք շարժվում, քանի որ մեր ԱԳՆ-ի եւ Լավրովի հայտարարությունները հակասում են միմյանց»,- նկատեց բանախոսը, նշելով, որ քանի որ իրենք որպես քաղաքական ուժ չեն մասնակցում բանակցություններին եւ շատ նյուանսների ծանոթ չեն, չեն էլ կարող կետային գնահատականներ տալ, սակայն եւ ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք։

Պարզ է մի բան, որ ինչ անուն էլ դնենք ԱԳ նախարարների կամ երկրների ղեկավարների հանդիպումներին, դա պարզ թեյախմություն չէ այլ Արցախյան հիմնախնդրի լուծման եղանակների քննարկում է բովանդակում իր մեջ, որպես այդպիսին։

Արման Աբովյանը կանխատեսում է լարվածության ավելացում բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված։ Մի կողմից կարծես թե մեր ու համանախագահների մոտեցումներն են սկսել ընդգծված տարբերվել, գոնե այդպիսին է տպավորությունը հանրային հասանելի մակարդակում, մյուս կողմից էլ Ադրբեջանում տնտեսական իրավիճակը բավական ծանր է կապված նավթի գնի անկմամբ եւ որպես նավթային ասեղի վրա նստած պետություն իրենք արդեն իսկ ունեն շատ լուրջ տնտեսական եւ սոցիալական խնդիրներ։ Բացի այդ, սեփական էթնոձեւավորումը Բաքուն փորձում է իրականացնել ընդգծված հակահայկականության շեշտով եւ բացի այդ, Ղարաբաղյան գործոնը Բաքուն երեսուն տարի է օգտագործում է թե ներսում ուշադրություն շեղելու, թե դրսում շանտաժ անելու համար։

Վերահաստատելով «ԲՀԿ» մոտեցումը Արցախյան հիմնախնդրի շուրջ, Արման Աբովյանը նկատեց, որ սա իշխանություն ընդդիմություն փոխհարաբերությունների հարց չէ, այլ ողջ Հայ ժողովրդին վերաբերող հարց է եւ վախենալ չվախենալու խնդիր չկա թիրախավորումից եւ իրենք միշտ են իրենց մոտեցումները բարձրաձայնել ու ասել ու իրենք միշտ Արցախյան հարցը պահելու են, պահել են ու պահում են ուշադրության կիզակետում։