Արայիկ Հարությունյանը՝ Արցախի ՏԻՄ ընտրություն...

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր ձեզ հետ կկիսվեմ սեպտեմբերի 8-ին մեր հանրապետությունում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ իմ գլխավորած քաղաքական ուժի և իմ անձնական դիրքորոշումներով:

«Ազատ հայրենիք» կուսակցությունը կողմնակից էր կառավարման գործող համակարգի փոփոխությանը: Այդ առթիվ քննարկումներ ենք ծավալել կուսակցությունների պատասխանատուների ակտիվ մասնակցությամբ, սակայն քաղաքական կոնսենսուսի բացակայության պատճառով առաջարկվող մոդելը չի ընդունվել: Ընդհանուր առմամբ՝ բոլոր ուժերն էլ կիսում են այն մոտեցումը, որ գործող ՏԻՄ համակարգում էական փոփոխություններ են անհրաժեշտ, և, համագործակցության արդյունքում առաջիկայում մենք, այնուամենայնիվ, կգտնենք ընդունելի տարբերակը: Ես դրանում վստահ եմ:

Մենք, իհարկե, պահել ենք համերաշխության մթնոլորտը թե՛ ՏԻՄ օրենքում կատարված վերջին փոփոխությունների ընդունման և թե՛ ընթացիկ ընտրությունների ժամանակ, որին ինքնառաջադրմամբ մասնակցող թեկնածուների զգալի մասը «Ազատ հայրենիք» կուսակցության անդամներ են և համակիրները:

Հաջողություն մաղթելով համայնքի ղեկավարի և ավագանու համար առաջադրված բոլոր թեկնածուներին՝ ուզում եմ հույս հայտնել, որ, անկախ քաղաքական դիրքորոշումից, սեպտեմբերի 8-ին մենք կարձանագրենք օրինակելի և համերաշխության մթնոլորտում հանրային լայն աջակցություն վայելած ընտրություններ: «Ազատ հայրենիք»-ը ընտրական հանձնաժողովների կուսակցական անդամների և դիտորդների մակարդակով մեծապես կաջակցի գորընաթցի կայացմանը:

Հ.Գ. Քանի որ հանդիսանում եմ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, անձնական դիրքորոշումս եմ ուզում հայտնել նաև մայրաքաղաքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների մասին: Կարծում եմ՝ նրանցից յուրաքանչյուրն էլ արժանի է զբաղեցնելու այդ բարձր ու պատասխանատու պաշտոնը: Եվ ուրախ եմ, որ նրանց աջակիցների թիմերում ակտիվ դերակատարում ունեն իմ կուսակից ընկերները: Ի դեպ, քաղաքապետի բոլոր թեկնածուներն էլ նախընտրական քարոզարշավը սկսել են յուրովի հետաքրքիր: Բարին ընդառաջ»: