«Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրենը...

«Արաս» ազատ տնտեսական գոտում հայաստանցի զբոսաշրջիկների հոսքն ավելի մեծացնելու համար իրանական կողմը հայոց և ռուսաց լեզուների դասընթացներ է կազմակերպում՝ ավելի լավ ծառայություններ մատուցելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում հայաստանցի լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը:

«Հայաստանի և Իրանի Իսլամական հանրապետությունների միջև բարեկամական կապերը շատ ամուր են, և հենց դրանց հիման վրա զբոսաշրջության բնագավառում համատեղ հուշագրեր ենք ստորագրել: Շատ ենք կարևորում Հայաստանի հետ տուրիստական կապերի զարգացումը: Այժմ իրանցիների համար փորձում ենք հայոց լեզվի դասընթացներ կազմակերպել, և հաշվի առնելով այն փաստը, որ հայերը տիրապետում են ռուսերենին, սովորեցնելու ենք նաև այդ լեզուն»,- նշել է Նարիմանը:

Նրա խոսքով՝ իրենք մշտապես աշխատանքներ են տանում իրենց ենթակառուցվածքները բարելավվելու ուղղությամբ: Մեկ տարվա ընթացքում «Արաս» ազատ տնտեսական գոտում կառուցվել է 7 նոր հյուրանոց և առաջիկայում մի քանիսն էլ նախատեսվում է:

«Աշխատում ենք, որպեսզի այդ հյուրանոցներում մատուցվող ծառայությունները լինեն բարձրակարգ»,- շեշտել է «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրենը: