Araratnews.am-ի լրագրողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

14509167_10208888676426561_9997061_nԱյսօր Վանաձորի 30/47 ընտրատեղամասում հարձակվել են araratnews.am-ի լրագրող Շողիկ Գալստյանի վրա և կոտրել նրա հեռախոսը։

Շողիկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն իր աշխատանքը սկսել է ժամը 9.00-ից և այդ ժամանակից նկատել է մի կնոջ, ով ընտրատեղամասի մուտքի մոտ պարբերաբար փորձել է խոսել ընտրողների հետ, ինչ-որ բան ասել, որի հետևանքով վեճեր են եղել: Նրա խոսքով` այդ կնոջ հետ անընդհատ ներս-դուրս անելով շփումներ է ունեցել նաև ՀՀԿ վստահված անձը՝ Ռոման Ավագյանը. «Ես չկարողացա հասկանալ, թե ի´նչն էր այդ վեճերի պատճառը, որովհետև երբ մոտենում էի նրան ու խնդրում բացատրել, թե ինչու է քաղաքացիների հետ անընդհատ կոնֆլիկտ ունենում, նա չէր պատասխանում, քաղաքացիները` նույնպես: Հետո այդ կինը մի տարեց պապիկի հետ ընտրության եկավ, պապիկին օգնեց ընտրելու: Այդ ընթացքում հասկացա, որ Հանրապետական կուսակցության վստահված անձի և կնոջ միջև ինչ-որ կոնտակտ կա, հաղորդակցվում են, վստահված անձը դուրս է գալիս, ու ինչ-որ բաներ են քննարկում»:

Լրագրողը փորձել է նաև արձանագրել, թե ինչպես են ընտրատեղամասի մոտ մարդիկ հավաքվել, որոնց մոտեցել է ՀՀԿ վստահված անձը. «Ես շարունակում էի նրանց նկարել, ու ինձ մոտեցավ մի կին, փորձեց հեռախոսս խլել: Ես ասացի, որ խանգարում է, նա էլ ասաց, թե իրավունք չունեմ իրեն նկարելու, և սկսեց վիճել: Այդ պահին մոտեցավ մյուս կինը, ով առավոտից այստեղ էր, ես չհասցրի նկատել, նա հեռախոսս ձեռքիցս խլեց ու ասֆալտի վրա կոտրեց: Հենց ոստիկանների ներկայությամբ, ասաց՝ շատ լավ արեցի, տեսա՞ր` ո´նց արեցի, հիմա ստացա՞ք, լա´վ էր քեզ»:

Նա նաև հավելեց, որ իր աշխատանքը խոչընդոտելու համար ոստիկանին դիմել է նախքան միջադեպը. «Այդ ամենը տեղի է ունեցել իրավապահների ներկայությամբ: Նրանք առավոտից այստեղ էին, ու երբ ոստիկանին ասում էի՝ տեսնո՞ւմ եք` խանգարում են, նա ասում էր՝ չէ´, չեմ տեսնում»:

araratnews.am-ը նշում է ,  որ Շողիկ Գալստյանն արդեն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

 

Դիտվել է 150 անգամ
 


Այս թեմայով