Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Աշոտ Ղուլյա...

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկկողմ զրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ այսօր կայացած Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը մեծ կարևորություն ուներ գնահատական տալու համար Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին:

Նիստը պատմական որակելով՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հանձնառու ենք ջարդերի զոհերի և նրանց ժառանգների արդարացի հատուցման գործընթացում:

Աշոտ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը նման ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կազմակերպելու համար, նշել է, որ նախորդ մեկ տարվա ընթացքում երկու խորհրդարանների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության կայուն հիմքեր են ստեղծվել:

Հայաստանի խորհրդարանի խոսնակն անձնապես շնորհակալություն է հայտնել Աշոտ Ղուլյանին՝ համատեղ գործընկերային աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ փոխգործակցության այս որակը կպահպանվի նաև Արցախի նոր գումարման Ազգային ժողովի հետ սպասվող ընտրություններից հետո, որոնք պիտի լինեն ազատ, թափանցիկ և մրցակցային: