Արամ Վարդեւանյանը պահանջում է կարգապահական պա...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդեւանյանը միջնորդություն կներկայացնի ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի կողմից էական կարգապահական խախտման վերաբերյալ: Այս մասին NEWS.am–ին հայտնեց Վարդեւանյանը:

Վերջինս Վերաքննիչ քրեական դատարանին էր բողոքարկել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշումը, որով վերջինս մերժել էր անհապաղ վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Արամ Վարդեւանյանը միաժամանակ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Մհեր Արղամանյանին, քանի որ պարզ էր դարձել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպված ցույցին։

Վարդևանյանը տեղեկացրեց, որ Արղամանյանն իր կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդության առհասարակ չի անդրադարձել, իսկ ներկայացրած բողոքը թողել է առանց քննության։

Նշենք որ առաջին ատյանի դատարանի որոշումը վերադաս ատյանում բողոքարկել էին նաև Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը եւ Հովհաննես Խուդոյանը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ քնելով բողոքները, որոշել էր առանց քննության թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ։