Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Սիրիայում Հայաստա...

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Սիրիայում գտնվող Հայաստանի մարդասիրական խմբին: Արամ Ա Կաթողիկոսը, ողջունելով ներկաներին, կարևորել է մարդասիրական խմբի գործունեությունը, գրում է «Արմենպրես»-ը։

«Որտեղ էլ գտնվենք, մեզնից յուրաքանչյուրն իր ձևով, իր մոտեցումով պետք  է մասնակից դառնա Հայրենիքի հզորության հավաքական աշխատանքին, ինչը սովորական գործ չէ, այլ առաքելություն է: Այլ խոսքով, Հայաստանի հզորացումը Արցախով, մեր ժողովրդի բոլոր զավակների համար հայրենակերտման առաքելություն է: Այստեղ ձեր ներկայությունը մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության ներկայությունն է»,-ասել է կաթողիկոսը:

Արամ Ա Կաթողիկոսը նշել է, որ հայ ժողովուրդն արդարություն, խաղաղություն մարդասիրություն է տարածում ամեն տեղ:

«Ցեղասպան թուրքն ամեն տեղ մահ սփռեց, իսկ մեր ժողովուրդը վերածնվեց, կյանք տարածեց, և այդ առաքելությամբ լցված եք դուք: Կարծում եմ, որ լավ գիտեք, թե ինչպես ժամանակին Հայոց ցեղասպանությունից փրկվածներին սիրիացի ժողովուրդը սիրով ընդունեց, իր հացը կիսեց: Այսօր ձեր ներկայությամբ, ձեր մարդասիրական առաքելությամբ մեր սերն ու գնահատանքն եք հայտնում սիրիացի ազնիվ ժողովրդին», - հավելել է կաթողիկոսը: