Առաջին քայլը պետք է անի Նիկոլ Փաշինյանն՝ իր հ...

Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հայտարարություն է տարածել՝ առաջարկելով սահմանել հանրային քննարկման որոշ կանոններ.

«Հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե վերջ չունեցող փուլ: Սա լավ է, մյուս կողմից՝ այն կարիք ունի  հստակ խաղի կանոնների։

Սա իրողություն է, որի հետ պետք է հաշտվել։ Միաժամանակ պետք է հաշտվել այն իրողության հետ, որ մենք շատ հեռու ենք քաղաքակիրթ բանավեճի որակներից։

Տարվա 365 օրն էլ հռչակվի « Քաղաքացու օր» միևնույն է մեր հրապարակային բանավեճերը համեմվելու են՝ կախելու, վառելու, մորթելու, իրար հայհոյելու,սպառնալու դրսևորումներով։ Սա է մեր այսօրվա որակները, ու սա շատ լուրջ խնդիր է, որի լուծումները մենք բոլորս միասին պետք է գտնենք։

Երբ մեկ տարի առաջ սոցիալական ցանցերում ցանկացած այլախոհության տակ սկսվեց վիրավորանքների, հայհոյանքների ու սպառնալիքների տեղատարափը, իմ նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով իր հեղինակությունը և այն, որ դրա հեղինակները գրեթե հարյուր տոկոսով իր կողմնակիցներն էին, կարող էր վերջապես սոցցանցերում իրենց «ես»-ը գտած մարդկանց բացատրել, որ տարբերվող կարծիք ունենալը, խնդիրները վերհանելը, այլ լուծումներ պատկերացնելը, առաջարկելը բնական երևույթ է, և դրանց դեմ հայհոյանքներով  պայքարել պետք չէ: Եթե  Փաշինյանն ասեր, որ այլ կարծիք ու տեսակետ ունեցողին հայհոյելն ու սպառնալն է հակահեղափոխոթյունը, այսօր երկրում չարությունը այսքան խորը չէր լինի։ Ինչո՞ւ չարվեց. ինձ դժվար է հասկանալ։

Եթե դա արված լիներ մենք այսօր հավանաբար չէինք ունենա ֆեյքերի, հայհոյողների ու տարբեր «մանիպուլիացիաների» դեմ ԱԱԾ-ով  պայքարելու անհրաժեշտություն:

Հանրային տրամադրություններում միշտ լինում են հակակշիռներ։ Եթե չի զսպվում մի թևի ագրեսիվ զանգվածային հայհոյանքը, ձևավորվում են դրան հակակշիռ հայհոյող թիմեր։ Եթե մի թև ձևավորում է ֆեյք աջակիցների բանակ, մյուս թևերն էլ նույնն են անում։ Եւ հակառակը՝ եթե մի թևից սկսվում է փաստարկված գրագետ քննարկումներ, տարբեր շրջանակներից սկսվում են նույնքան գրագետ ու փաստարկված այլ առաջարկներ ու քննարկումներ։

Ինչ եմ առաջարկում. եթե ուզում ենք, որ քաղաքացու հռչակված օրը իմաստալից լինի, ապա պետք է սահմանել հանրային բանավեճի որոշակի խաղի կանոններ, և դրա առաջին քայլը պետք է անի Նիկոլ Փաշինյանն իր համախոհներին արգելելով սոցցանցերում մարդկանց հայհոյելը։ Դրանից հետո նա կունենա բարոյական իրավունք նույնը ակնկալել մնացածից։

Փաշինյանը պետք է արգելի իր պաշտոնյաների անհիմն ագրեսիվությունը և մարդկանց հրապարակավ մեղադրանքներ ներկայացնելու ու վարկաբեկելու գործելաոճը՝ ՊՎԾ պետ, ՀՔԾ պետ, Կրթության և գիտության նախարար, Մշակույթի նախարար և այլն։ Դրանից հետո նա կունենա բոլոր իրավունքներն ակնկալել նույնը իր և իր թիմի հանդեպ։

Մի բան պետք է հստակ պատկերացնել. մենք կամ ունենալու ենք հանդուրժող և քաղաքակիրթ հանրային տրամադրություններ կամ մեզ բոլորիս հաղթելու է տգետ հայհոյանքը և գավառամտությունը», - ասված  հայտարարության մեջ: