Առաջարկվում է օտարերկրացի դատապարտյալներին պա...

Առաջարկվում է օտարերկրացի դատապարտյալներին պատիժը կրելու ընթացքում աշխատելու հնարավորություն տալ։ Այս նախագիծն արդեն երկրորդ ընթերցմամբ ներկայացվում է Ազգային ժողովի քննարկմանը։

Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիներն օգտվում են այդ հնարավորությունից՝ 2300 դատապարտյալներից մոտ 200-ն աշխատում է պատիժը կրելու ընթացքում, իսկ օտարերկրացիները Հայաստանում աշխատելու համար պետք է թույլտվություն ստանան, ինչը բանտային պայմաններում անհնար է։

Նախագիծը ներկայացննելիս արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշեց, որ Հայաստանում այս պահին մոտ 300-350 օտարերկրացի դատապարտյալ կա և մմոտ 100 օտարերկրացի՝ պրոբացիայի ենթակայությամբ։

ԱԺ նախորդ քննարկումից հայտնի էր դարձել, որ Հայաստանում 2300 ՀՀ քաղաքացի հանդիսացող դատապարտյալներից 214-ն ունի աշխատանք՝ աշխատում են պատիժը կրելուն զուգահեռ։ Մասնավորապես՝ կիսաբաց ռեժիմում և մինչև 7 տարի ժամկետով դատապարտված անձինք կարող են աշխատել նույն քրեակատարողական հիմնարկների տնտեսական մասերում՝ խոհանոցային կամ բեռներ տեղափոխելու աշխատանքներ կատարել։

Իսկ փակ ռեժիմով պատիժ կրող անձանց համար կան ձեռքի աշխատանքներ պատրաստելու և վաճառելու տարբերակներ։ Դրանից բացի, ըստ փոխնախարարի, հիմա, օրինակ` կա կրակայրիչների հավաքման պատվեր, որ իրենց խցերում կատարում են դատապարտյալները, մյուս դատապարտյալները գրիչներ են հավաքում և այլն։