Ապտակ Հայաստանի իշխանություններին․ Մոսկվան բա...

Այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել:

Ըստ էության Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ապաստան է տվել Միհրան Պողոսյանին։ Եվ սա այն դեպքում, երբ իշխանությունները հայտարարում էին, թե ՌԴ-ն ապաստան չի տրամադրի Միհրան Պողոսյանին, քանի որ այս գործում քաղաքական երանգ չկա։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այս մասով ամիսներ առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր․«Կարծում եմ, որ Պանաման ավելի շուտ կտրամադրի այդ ապաստանը, քան՝ Ռուսաստանը»:

Հարցին, թե ինչպիսի արձագանք կլինի Ռուսաստանի կողմից, Սիմոնյանն ասել էր, որ չի կարող ասել, պետք է սպասել. «Վստահ եմ, որ պետք է արտահանձնեն, որովհետև Հայաստանում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա»:

ՌԴ իրավապահ մարմինների որոշումն ապտակ է Հայաստանի նոր իշխանությունների համար։ Ռուսները այս որոշմամբ արձանագրում  են, որ Հայաստանում կա քաղաքական հետապնդում։ Սա նաև խոսում է հայ-ռուսական ներկա հարաբերությունների մակարդակի մասին։ Ի հեճուկս իշխանության ներկայացուցիչների պնդումների, այդ հարաբերություններն այլևս դաշնակցային չեն և ռուսական կողմը այդ ամենը չի էլ թաքցնում։

Մնում է Հայաստանի իշխանությունները հետևություններ անեն և այսուհետ արտաքին քաղաքականության պլաններ կազմեն եղած իրականության վրա հենվելով։ Կարևոր է, որպեսզի իրենք չմնան իրենց իսկ քարոզչության տակ ու վստահ չլինեն, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են։