Աննա Հակոբյանին նշանակել առաջին փոխվարչապետ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը` ի տարբերություն Հայաստանի նախկին ղեկավարների տիկնանց, բավական մեծ քաղաքական ակտիվություն է ցուցաբերում։

Եթե նախկին նախագահների կանայք իրենց ամուսինների պաշտոնավարման ընթացքում զբաղվում էին սոցիալական, կրթական ծրագրերի իրականացմամբ, ապա Աննա Հակոբյանը ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում։  Աննա Հակոբյանը հաճախ է խոսում Արցախի խնդրի մասին, նա ավելի հաճախ է դրսում լինում քան իր վարչապետ ամուսինը։ Աննա Հակոբյանը հատուկ աշխատասենյակ ունի կառավարությունում, նա ունի գրասենյակ և մամուլի խոսնակ, պաշտոնական կայք։

Տպավորություն է, որ վարչապետի տիկինը առանձին պաշտոն է զբաղեցնում, բայց իրականում օրենքով սահմանաված որևէ գործառույթ չունի։ Աննա Հակոբյանը երբեմն նաև պետության անունից հայտարարություններ է անում, և այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ լիազորությունների շրջանակում է նա նման հայտարարությամբ հանդես գալիս։

Այս օրերին Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում է։ Օրերս նա հանդիպել էր Լոս Անջելեսի քաղաքապետին և հանդիպման ընթացքում հայտարարել․«Այս առումով մենք վճռականորեն աջակցում ենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի և ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերին՝ զարգացնել հարաբերությունները երկու քույր քաղաքների՝ Երևանի և Լոս Անջելեսի միջև»։

Հետաքրքիր հարց է առաջանում, թե ովքեր են այդ «մենքը»։ Չէ որ Աննա Հակոբյանը պետական պաշտոն չի զբաղեցնում։ Իհարկե այստեղ նոր իշխանության ներկայացուցիչները կարող են հայտարարել, որ մենք մանիպուլացնում ենք, և գուցե վարչապետ Փաշինյանը հրահանգի ԱԱԾ պետ Վանեցյանին զբաղվել մեզնով։  Բայց լավ կլինի իշխանություններն իրենք տարընթերցումների տեղիք չտան։ Լավ կլինի կառավարությունը Աննա Հակոբյանին առաջարկի Արցախի հարցով կամ պետական գործերի մասով մեկնաբանություններ ու հայտարարություններ չանի, կամ հետևեն «կիրթ» Ալիևի օրինակին ու Աննա Հակոբյանին նշանակեն ՀՀ առաջին փոխվարչապետ։ Հիշեցնենք, որ Ալիևի կինը տարիներ առաջ նշանակվեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ։

Ի վերջո Աննա Հակոբյանի առաջին փոխվարչապետ նշանակմամբ կարդարցվի կառավարության շենքում նրան աշխատասենյակ տալու որոշումը, և նա նշանակումից հետո հանգիստ կարող է խոսել Հայաստան պետության անունից ու հայտարարություններ անել։