Անհնար է պատկերացնել արդարություն, առանց վստա...

Ես ինքս փաստագրում և հաճախ Ֆեյսբուքում արձանագրում եմ Հայաստանի Հանրապետության դատարանների հետ իմ բոլոր առընչությունները։ Ուշադիր հետևում եմ նաև նման առընչությունների մասին այլ օգտատերերի գրառումներին։ Դա անում եմ մի պարզ պատճառով, ինչի մասին ցանկանում եմ հիմա գրել։

Հեղափոխական իրավիճակներ օդից չեն ստեղծվում։ Անհնար է պատկերացնել 10.000 զինյալ, որոնք Գերմանիայում կարող են անել այն, ինչ կարողացան անել Իրաքում ու Սիրիայում, իսկ հիմա՝ Լիբիայում։ Հեղափոխական իրավիճակի հիմքում ընկած է անարդարության զգացումը։ Նույնիսկ եթե «թղթով» ամեն ինչ նորմալ է, եթե իրականությունը հակասում է տվյալ տարածքում ապրող մարդու արդարության մասին պատկերացնումներին, հենց դա էլ պարարտ հող է հանդիսանում հեղափոխական իրավիճակի համար։ Համոզված եմ, որ հենց անարդարության զգացմամբ էր մեծապես պայմանավորված Հայաստանից մեծ ծավալով արտագաղթը։ Դրանով էր պայմանավորված 2018-ի ապրիլ-մայիս ամիսների ակցիաների մասսայականությունը։

Անհնար է պատկերացնել արդարություն, առանց վստահելի արդարադատության ու դա ապահովող համակարգի։ Հեղափոխական գործընթացներից հետո արդարադատական համակարգի վերաբերյալ վստահության մասին փաստում են հենց արձագանքները, որոնց մասին գրել եմ սկզբում։ Այս հարցում չկա միջին վիճակ, չկա «հեղափոխական» կառավարությանը ավանսով տրված վստահության հարց, չկա «արդարադատություն չկա, ԲԱՅՑ», չկան բայցեր։ Արդարության զգացումը կամ կա, կամ այն բացակայում է և հեղափոխական իրավիճակի համար պարարտ հող կա։ Ակնհայտ է, որ արդարադատության մեր ուզած մակարդակին հասնելու համար դատավորներին չզանգելու քաղաքականությունը, որ հայտարարվեց ի սկզբանե ու, կարծես, մինչ այժմ էլ շարունակվում է, անկարող գտնվեց արդարության զգացումն ու արդարադատական համակարգի առողջացումն ապահովել։ Այն պահին, երբ քաղաքացու համբերության պաշարը, որն ամեն մեկի մոտ մի ծավալի է, սպառվեց, այ հենց այդ պահից իր համար խզվելու է կապը հեղափոխության ու գործող կառավարող ուժի միջև։ Հենց այդ պահին էլ առաջանալու է նոր հեղափոխական իրավիճակ։ Անձամբ ես, մի շատ կոնկրետ, էական հարց լուծելու համար օգտվել եմ որպես քաղաքացի ինձ ընձեռած բոլոր հնարավորություններից, կիրառել եմ ինձ հասանելի բոլոր գործիքները ԱԺ դիմելուց սկսած, իրավապահ ու դատական մարմիններով վերջացրած։ Համբերության սպառման գործընթացը հասել է վերաքննիչ դատարան, որը հետ է ուղարկել գործը՝ առկախելով արդարադատությունը։ Դրանից հետո մեկուկես քայլ է՝ վճռաբեկ դատարանն ու սահմանադրականը, եթե այն փոխվի։ Շատերի մոտ այն արդեն սպառվել է։ Շատերը դեռ կես ճանապարհին են։ Պետք է արգացնել դատական ռեֆորմները։ Երբ համբերությունը սպառվեց, այլևս ոչ մի արդարացում չի փրկի մի իրավիճակից, որը խիստ անցանկալի է։

Գրում է ՔՈ կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում