Անհայտ ինչ-որ մեկն ասել է, թե ինձ ինչ-որ մեկը...

Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը հրաժարվել է պատասխանել քննիչի հարցերին, քանի որ հարցերը իր հետ որեւէ առնչություն չեն ունեցել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ՔԿ շենքից դուրս գալու ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Շահինյանը։

«Չեմ պատասխանել քննիչի հարցերին։ Չեմ կարող պատասխանել այն հարցերին, որոնց հետ ես առնչություն չունեմ»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ գործի շրջանակում էին իրեն հրավիրել ՔԿ, Շահինյանն ասաց. «Անհասկանալի, անհայտ ինչ-որ մեկն ասել է, թե ինձ ինչ-որ մեկը գումար է տվել։ Գոնե ծանոթ մարդ լիներ, կասեինք՝ եկել զրպարտել է, հիմա Թավադյան Արմենին չզրպարտեցի՞ն»։

Նշենք, որ երեկ դատարանի որոշմամբ Շահինյանի տանը կատարվել է խուզարկություն, եւ դատարանի այդ որոշումը Շահինյանի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել։