Անհարկի միտում եմ տեսնում. Խաչատուր Սուքիասյա...

Իհարկե արտոնություն ստանալու է, ճիշտ այնպես, ինչպես կառավարության կողմից հազարավոր ընկերություններ արտոնություններ են ստանում՝ ներդրումներ են կատարում, ստեղծում են նոր աշխատատեղեր, հիմնում արտադրություն, ի վերջո ստեղծում են հավելյալ արժեք:   Այս մասին Mediaroom.am լրատվականի հետ զրույցում ասաց գործարար, «Սիլ կոնցեռն»-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը, մեկնաբանելով Factor.am կայքում հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի Սուքիասյաններին պատկանող ընկերությանը տրվելու է արտոնություն:   «Իհարկե կստանա արտոնություն, կստեղծվի նոր աշխատատեղեր, «Սիլ» ընկերության արտադրած ջրերը կունենան գեղեցիկ ձևավորում, կվճարվի հոսանքի գումար, և աշխատակիցները կվճարեն հարկեր, արտահանման ծավալները կմեծանա:

25 տարի է այդ կազմակերպությունը գործունեություն է ծավալում, և իհարկե այդ կազմակեպությունն էլ է ցանկանում ՀՀ օրենքներին համապատասխան ստանալ այնպիսի արտոնություններ, ինչպիսին ստանում են մյուս բոլոր ընկերությունները: Չէ որ կազմակերպությունը ցանկանում է նոր կերպով ներկայանա հանրությանը, զբոսաշրջիկներին, որը կլինի մրցունակ: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, ինչ-որ վերնագիր դնելով շփոթմունքի մեջ գցել հասարակությանը, թե զարգացնել տնտեսությունը: Ես շատ եմ հարգում լրագրողի մասնագիտությունը, կարևորում եմ խոսքի ազատությունը և համարում եմ, որ խոսքի ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բայց այս ամենի մեջ միտում եմ տեսնում: Խնդիրը կայանում է նրանում, որ հազարավոր ընկերություններ արտոնություն են ստանում կառավարությունից, սակայն երբ մեկ անգամ արտոնություն է ստանում մեր ընտանիքին պատկանող ընկերությունը, այն հանրայնացվում է:

Այս դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ չեն բարձրաձայնում, թե տարիներ շարունակ ինչպիսի զրկանքներ է կրել մեր ընտանիքը, քանի միլիոն դոլարների ունեցվածք են մեզանից «խլել» ու տվել իրենց յուրայիններին և այն ընկերությունները, որոնք տրվել են իրենց յուրայիններին, քանի անգամ ավելի քիչ է հարկեր վճարել, քան մենք էինք վճարում: Ինչո՞ւ չեն գրում այդ մասին, ինչո՞ւ չեն բարձրաձայնում: Իսկ նախորդ տարիներին տեղի ունեցածից հետո, երբ  այժմ Հայաստանում տիրում է օրենքի իշխանություն, մենք էլ փորձում ենք զարգացնել մեր ընտանիքի բիզնեսը»,-ասաց Սուքիասյանը, հավելելով, որ դատողությունները թողնում է հասարակությանը:   Ներկայացնենք նաև ՍԻԼ ընկերության ջրերի շշերի նոր դիզայնը: