Անելիքները շատ են, դրանք մեկ օրում և նույնիսկ...

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին:

«Անելիքները շատ են, դրանք մեկ օրում, մեկ ամսում և նույնիսկ մեկ տարում լուծվող հարցեր չեն, բայց մենք մեր աշխատանքով օր օրի պետք է փոփոխություն ցույց տանք: Այն պետք է լինի տեսանելի ու չափելի», - ասել է արդարադատության նախարարը` ողջունելով աշխատակազմին:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՔԿԾ նախկին պետ Արտյոմ Մխոյանին քրեակատարողական ոլորտում ներդրած իր ավանդի  համար և նորանոր ձեռքբերումներ մաղթել հետագա գործունեությունում:
Ծառայության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին՝ նախարարը նշել է, որ վերջինս հարուստ փորձ ունի, աշխատել է իրավապահ համակարգում՝ Դատախազությունում և քննչական մարմիններում, իր գործին նվիրված, պրոֆեսիոնալ անձ է:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ նախարարը նշել է, որ անընդհատ խոսվում է դատապարտյալների վերասոցիալականացման գաղափարներից, դատապարտյալների ուղղումից, պատժիչ համակարգից դեպի վերականգնողական արդարադատություն անցնելուց, բայց իրականում չգիտենք՝ դա ինչպես է պետք անել: 

«Սա համակարգային խնդիր է, պայմանավորված չէ անձերով, պայմանավորված չէ ղեկավար անձնակազմով ու կատարողներով: Այս խնդիրը պայմանավորված է նրանով, որ նման հարց մենք մեզ չենք տվել ու չենք ստացել դրա պատասխանը», - նշել է նախարարը: