Մեր նախորդ հրապարակումներից մի քանիսում մենք անդրադարձ կատարել ենք Անդրանիկ Քոչարյանի նկրտումներին՝ այն է՝ իրեն ենթարկեցնել ՊՆ-ն և ԱԱԾ-ն, ինչ-որ իմաստով դառնալ այդ կառույցների ղեկավարների անմիջական ղեկավարը։ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը, փաստորեն, ՊՆ-ի մասով Անդրանիկ Քոչարյանին տալիս է հնարավորություն։ Քոչարյանը, կարծես, ալտերնատիվ ՊՆ է ստեղծում և իրեն նշում բանակի գործող գեներալների խորհրդական, իր թիմ է ներգրավում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին և գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցին։
Անդրանիկ Քոչարյանը սակայն միայն սրանով չի բավարարվում։ Նա բավական ջանք ներդրեց, որպեսզի փչացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարաբերություններ։ Ի վերջո նա հասավ իր նպատակին և հարաբերություններն այնքան լարվեցին, որ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց։
Անդրանիկ Քոչարյանի գլխավոր թիրախը շարունակում է մնալ Դավիթ Տոնոյանը։ Նա ամեն կերպ փորձելու է ազատվել նրանից։ Քոչարյանի հեռակա պլաների մաս է կազմում պաշտպանության նախարարի պաշտոնի ստանձնումը։
Անդրանիկ Քոչարյանի կենսագրությունն ուսումնասիրելու դեպքում հասկանում ես, որ նա մշտապես մասնակից է եղել ՊՆ ղեկավարների շուրջ ծավալվող մութ պատմություններին։ Այս մասով հետաքրքիր հրապարակումների շարք է սկսել ՓաստԻնֆո գործակալությունը։ Հրապարակումները լույս են սփռում Քոչարյանի մութ անցյալի վրա և հասկանալի է դառնում, որ նա երկար տարիներ երազել է դառնալ պաշտպանության նախարար և դա է եղել պատճառը, որը ամեն կերպ մասնակցել է նախկին նախարարների հեղինակազրկման գործընթացներին(ՓաստԻնֆո-ի հրապարակումներն այստեղ)։
Պատահական չէր նաև Տոնոյանի հրաժարականի մասին լուրերը։ Անդրանիկ Քոչարյանը գործի է անցել և ինչ էլ որ լինի նա նպատակ է դրել հասնել Դավիթ տոնոյանի հրաժարականին։ Առաջիկայում կարելի է սպասել, որ Քոչարյանը ավելի ակտիվ կսկսի հոխորտալ բանակի հասցեին,կնկատի «սխալներ», որոնք կփորձի կապել նախարար Տոնոյանի անվան հետ։