Անասնաբուժական կեղծ վկայականներով Արտաշատի դպ...

այաստանի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրվել է Արտաշատի դպրոցներից մեկին պետական կարիքների համար առանձին ապրանքների մատակարարման օրինականությունը:

Այդ շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև նշված դպրոցից: Արդյունքում պարզվել է, որ պետական կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրի շրջանակներում «Ա» ՍՊԸ-ն, որպես վաճառող, պարտավորվել է գնորդին՝ դպրոցին հանձնել պայմանագրով նախատեսված որակի և քանակի ապրանք՝ միս, ինչպես նաև գնորդի պահանջով տրամադրել վերջինիս որակը հավաստող՝ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր:

Որպես մսի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ «Ա» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է՝ այս տարվա ապրիլ, մարտ և օգոստոս ամիսներին «Բ» ՍՊԸ-ին տրամադրված անասնաբուժական վկայականների պատճեններ, ըստ որոնց, իբրև թե, միսն արտադրվել է անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձին պատկանող սպանդանոցում:

Մինչդեռ առկա են տվյալներ, որ նշված Ա/Ձ-ն «Բ» ՍՊԸ-ին ծառայություններ է մատուցել մինչև 2017թ. նոյեմբեր, իսկ այս ընկերությունն իր գործունեությունը դադարեցրել է 2019թ. ապրիլից: Պարզվել է նաև, որ վերոնշյալ անասնաբուժական վկայականներից երկուսի բնօրինակները գտնվում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնում, ևս մեկը եղել է խոտանված, հետևաբար չէին կարող դրվել շրջանառության մեջ:

Այսինքն՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Հայաստանի դատախազության ուսումնասիրություններով պարզվել է, որ «Ա» ՍՊԸ-ն ակնհայտ կեղծ փաստաթղթերը՝ անասնաբուժական վկայականների պատճենները, օգտագործել է որպես իրավունք վերապահող փաստաթուղթ, ներկայացրել որպես մատակարարված մսի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, ինչի արդյունքում դպրոցն ընդունել է ապրանքը և վճարել դրա դիմաց:

Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործել) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: