Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի․ իշխանությո...

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր առաջ խնդիր է դրել ամեն կերպ ցույց տալու տնտեսական երկնիշ աճ։ Այդ աճն արձանագրելու համար իշխանությունները, կարծես, պատրաստ են գնալ տարբեր մանիպուլjացիաների։ Որոշ փորձագետների կարծիքով` իշխանությունները տնտեսական մեծ աճ ցույց տալու համար անգամ վիճակագրական տվյալներ են կեղծում։

Բայց իշխանությունները որքան էլ գնան կեղծիքների, միևնույն է, անհրաժեշտ են նաև ռեալ ներդրումներ, որոնք նկատելի կլինեն և դրական ազդեցություն կունենան մարդկանց տնտեսական վիճակի վրա։ Իշխանությունները, կարծես, դեռ չեն կարողանում իրական ներդրումներ ապահովել։ Իհարկե, կան փոքր ներդրումներ, բայց դրանք գրեթե ազդեցություն չեն ունենում տնտեսական վիճակի վրա։

Այս պահին Հայաստանում խոշոր ներդման միայն մեկ ծրագիր կա, որը, սակայն, իշխանությունների պոպուլիստական գաղափարների պատճառով սառեցված է։ Խոսքը Ամուլսարի ոսկու հանքի մասին է։ Արդեն մեկ տարի է` հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքները խափանված ե, և, ըստ էության, սառեցված է նաև այն մեծ ներդրումը, որը պետք է իրականացներ ընկերությունը։  

Իշխանությունները դեռևս խուսափում են հայտարարել՝ կշահագործվի՞  հանքը, թե՞ ոչ, բայց ակնհայտ է, որ այս տարվա տնտեսական աճը ապահովելու համար իշխանությունների համար շատ կարևոր է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը աշխատի, և տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող ներդրում կատարվի։ 

Հ․Գ․ Մենք չենք անդրադառնում հանքի շահագործման բնապահպանական խնդիրներին։ Դրանք իրականում կարող են լինել վտանգավոր, սակայն այդ խնդիրները հիմա իշխանություններին շատ ավելի քիչ են հետաքրքրում։ Եվ, եթե իշխանությունները կարողանային համոզել բնապահպաններին բացել ճանապարհները, ապա հանքը վաղուց կշահագործվեր։