Ամուլսարի հանքը կբացվի, բայց կառավարությունը...

Իշխանությունները շարունակում են անորոշության մեջ պահել Ամուլսարի հարցը։ Այսօր Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պետք է հայտարարեր` անհրաժե՞շտ է նոր ՇՄԱԳ Ամուլսարի հանքի համար, թե՞ ոչ, սակայն կոնկրետ պատասխանի փոխարեն կրկին անորոշ խորհրդակցություն տեղի ունեցավ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար:

Այսինքն՝ կառավարությունը նորից ժամանակ է ձգձգում, որպեսզի հասկանա՝ որ կողմ պետք է քայլ անի։ Հայաստանի կառավարությանը դժվարին ընտրության առաջ  է կանգնեցրել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ)։ Պալատը օրերս դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Պալատի անդամ «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ, և ակնկալում է «ներդրումների հանդեպ արդար մոտեցում և օրենքի կիրարկում»:

Ըստ մեր տեղեկությունների՝ մինչ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հայտարարությունը՝ կառավարությունը պատրաստ է եղել հանուն վարչապետի վարկանիշի թույլ չտալ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, բայց հիմա ստիպված են «տասն անգամ չափել, մեկ անգամ կտրել»։ Ամուլսարի հանքի շահագործման արգելումը խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանի համար ԱՄՆ նման գերտերության հետ։

Այս պահին Կառավարությունը հակված է բացել հանքը, սակայն ցանկանում են հնարավորինս երկար ժամանակ ձգել, որպեսզի խնդրի վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը թուլանա, և ավելի հեշտ «մարսվի» կայացված որոշումը։