ԱՄՆ-ը դավաճանել է քրդերին. Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում փաստացի դավաճանել է քրդերին` սահմանին մենակ թողնելով թուրքերի դեմ: Այս մասին հայտնում է  РИА «Новости» գործակալությունը:
Կրեմլի ներկայացուցիչը այսպիսով արձագանքել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զեյմս Զեֆրիի ասածին: Վերջինս կասկած էր հայտնել, որ քրդերը կհեռանան այն տարածքներից, որոնց հետ կապված ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Վերջին մի քանի տարիներին ԱՄՆ-ը քրդերի ամենամտերիմ դաշնակիցն էր: Բայց արդյունքում ԱՄՆ-ը մենակ թողեց քրդերին և ըստ էության` դավաճանեց նրանց»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը կարծում է, որ եթե զինված քրդերը չհեռանան նշված տարածքից, ապա ստիպված կլինեն հետ քաշվել սիրիական սահմանապահներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը:

«Ու փաստորեն այդ դեպքում մնացած քրդական խմբավորումները կհայտնվեն  թուրքական բանակի ուժեղ ճնշման տակ»,- ընդգծել է Պեսկովը: