ԱՄՆ-ում սերիական ենթադրյալ մարդասպանին ձերբակ...
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է սերիական ենթադրյալ մարդասպանին՝ զոհերի և նրա ծխախոտից վերցված ԴՆԹ-ի միջև կապ գտնելու շնորհիվ, հայտնում է New York Post պարբերականը:
 
Ենթադրվում է, որ 37-ամյա Ռոբերտ Հեյսը սպանել է առնվազն չորս կանանց Ֆլորիդայում 2005 թվականին։
 
«Մենք կարծում ենք, որ սերիական մարդասպանի ենք բռնել փողոցում», - ասել է Փալմ Բիչ քաղաքի շերիֆի գրասենյակի կապիտան Մայքլ Ուոլիսը։
 
Առայժմ Հեյսին մեղադրում են այն բանում, որ նա խեղդամահ է արել մարմնավաճառ Ռեյչլ Բեյին 2016-ին։ Նրան գտել են ճամփեզրին, մարդասպանը վերցրել էր նրա ատամներն ու ծնոտը։
 
Բալիստիկ փորձաքննությունից և հանցանշանների ԴՆԹ անալիզից հետո քննիչները ենթադրել են, որ Հեյսը կրակել է ևս երեք կնոջ Դեյթոն Բիչ քաղաքում, երբ սովորում էր քոլեջում։ Բոլոր երեք զոհերը գտնվել են մերկ, բերանքսիվայր ընկած։
 
«Եթե մենք այդ մարդուն ճաղերի հետևում չնստեցնեինք, նա դա նորից կաներ, և մենք էլի մեկ զոհ կունենայինք», - ասել է Փալմ Բիչի շերիֆ Ռիք Բրեդշոուն։
 
Հեյսը քոլեջն ավարտել է քրեական իրավունքի մասնագիտությամբ։ Նրան բռնել են, երբ քննիչները ստացել են վերջին զոհից վերցված ԴՆԹ պրոֆիլը։ Այդ պրոֆիլը կապված է առաջին երեք սպանությունների, ինչպես նաև հենց Հեյսի հետ ոստիկանական բազայում։
 
Դրանից հետո իշխանությունները հետևել են նրան և վերցրել ծխախոտի մնացուկը, որը նա նետել էր ավտոբուս նստելուց առաջ։ Մինչև կիրակի օրը նրա կալանավորումը՝ նա ապրում էր մի կնոջ եւ փոքրիկ երեխայի հետ Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում։