ԱՄՆ-ում նախագահին սահմանափակելու լծակներ կան,...

ԱՄՆ Սենատն ընդունել է Իրանում ԱՄՆ նախագահի գործողությունները սահմանափակող բանաձեւ։ Հարյուր սենատորներից բանաձեւին կողմ քվեարկել է 55 սենատոր, դեմ՝ 45 սենատոր։ Բանաձեւի համաձայն, 30 օրվա ընթացքում նախագահը պարտավոր է դադարեցնել Իրանի դեմ թշնամական գործողությունները։ Սպիտակ տունը դժգոհ է այդ բանաձեւից։ Հնարավոր է, որ նախագահ Թրամփն այն չհաստատի եւ բանաձեւը կրի զուտ խորհրդատվական ծանուցողական բնույթ, քանի որ ըստ Սպիտակ տան պարզաբանման, այն խանգարում է ԱՄՆ նախագահին պաշտպանել ԱՄՆ-ն։

Այս ամենը բավական ցայտուն կերպով ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինեն տարանջատվածության եւ հակակշռման սկզբունքներով գործող իշխանության թեեւը իրական ժողովրդավարական երկրում, նույնիսկ այն դեպքում, երբ կոնկրետ ԱՄՆ պարագայում գործ ունենք ուժեղ նախագահական կառավարման համակարգի հետ։ Թրամփը․ ով պակաս էքսցենտրիկ չէ, քան Նիկոլ Փաշինյանը, չհրամայեց իր կողմնակիցներին շրջափակել Կոնգրեսի Սենատը, փաստացի պատանդ չվերցնել սենատորներին, նրանց վրա հոգեբանական ճնշում գործադրելով եւ ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելով։

Նման բան նույնիսկ Թրամփի մտքի ծայրով էլ չի կարող անցնել, որովհետեւ նա հասկանում է, որ դա հանցագործություն է եւ իր իշխանությունը որպես նախագահ, սահմանափակված է օրենքներով եւ Սահմանադրությամբ եւ հակակշռված առնվազն օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից, որոնք կարող են նաեւ իրեն պատասխանատվության ենթարկել։ Իսկ ինչպիսին է վիճակը Հայաստանում, որը հայտ է ներկայացնում Հարավ-Կովկասյան ժողովրդավարության կղզյակ ներկայանալու։

Այստեղ կա իշխանություն, որը կենտրոնացված է մեկ անձի ձեռքում, ով գործադիրի ղեկավարն է, կա այդ անձի գրպանում հարմար տեղավորված ԱԺ եւ հաջորդ գրպանում տեղավորվելու դեմ պայքարով ՍԴ։ Չկա հակակշռում, իշխանության թեւերի տարանջատում։ Չկա ժողովրդավարություն։Մեկ անձի իշխանությունն Հայաստանում ոչնչով եւ ոչ մի կերպ սահմանափակված չէ, այն դեպքում, երբ Հայաստանը պառլամենտական կառավարման համակարգ ունի, եւ առաջնային մանդատը օրենսդիր իշխանությանն է։