ԱՄՆ-ն Իրանում ռեժիմի փոփոխության նպատակ չի հե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված հայտարարությամբ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանում ռեժիմի փոփոխության նպատակ չի հետապնդում, սակայն «պատրաստ է ցանկացած անհրաժեշտ գործողություն ձեռնարկել» այն դեպքում, եթե Իրանը սպառնա ամերիկացի քաղաքացիներին:

«Անցած գիշեր մենք գործել ենք պատերազմը կասեցնելու համար: Մենք գործողություններ չենք ձեռնարկել պատերազմ սկսելու համար»: Թրամփի խոսքով՝ «անմեղ մարդկանց մահը Սոլեյմանիի հիվանդագին կիրքն էր», որը «բռնվել է հանցագործության վայրում եւ ոչնչացվել»:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի աշխարհի լավագույն զինված ուժերը եւ հետախուզական ծառայությունները: Նա ընդգծել է, որ Իրանի ժողովրդի հանդեպ խոր հարգանք է տածում:

Թրամփն այս հայտարարությունը կատարել է Մար ա Լագոյի իր գոլֆ-հանգստավայրում, որտեղ անցկացնում է ամանորյա արձակուրդները: Նա լրագրողների հարցերին չի պատասխանել: