ԱՄՆ դեսպանատունը՝ «Վիկիլիքսի»՝ «մարտիմեկյան»...

Օրերս մամուլն անդրադարձել էր 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների՝ Wikileaks կայքում հրապարակված ԱՄՆ Պետքարտուղարության զեկուցագրերից մեկին, որտեղ, ի թիվս այլ քաղաքական գործիչների, հիշատակված են այդ ժամանակ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի և Ստյոպա Սաֆարյանի անունները։

Թարգմանություններում մասնավորապես նշվում է, որ «այն ժամանակահատվածում, երբ որևէ բախում և ողբերգական զարգացում դեռ չէր եղել, և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչների միջև ընթանում էին բանակցություններ, Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը կապ են հաստատել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մանկահասակ մի տղա և երկու տարեց մարդ։ Նրանք նաև նշել են, որ ոստիկանը ծեծել է տարեց մարդուն և սպանել նրան»:

Ավելի ուշ Ստյոպա Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը հերքեցին հայկական կայքերում տարածված տեղեկությունը՝ համատեղ հայտարարության մեջ նշելով, որ «սխալ թարգմանություն են հրամցրել հանրությանը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե իբրև Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանը «ականատես են եղել նման մահվան դեպքերի» կամ «ստույգ տեղեկություններ են ունեցել դրանց մասին»։

168.am-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից փորձեց պարզել՝ Անահիտ Բախշյանի կամ Ստյոպա Սաֆարյանի կողմից 2008-ի մարտի 1-ին եղե՞լ է զանգ դեսպանատուն: Խնդրել ենք պարզաբանում նաև ցուցարարների զինված լինելու և Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ կապված, քանի որ, ըստ «Վիկիլիքսի» հրապարակման՝ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի նամակում ասվում է, թե կան «վստահելի ապացուլցներ, որ մարտի 1-ին Փաշինյանն է հրահրել ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումների»»:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր գրության մեջ նշում է. «Ըստ մեր քաղաքականության՝ մենք մեկնաբանություններ չենք տալիս գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի վերաբերյալ։ Մենք խստիվ դատապարտում ենք անհատների կամ կազմակերպությունների կողմից գաղտնի տեղեկությունների միտումնավոր ու չթույլատրված հրապարակումը, որը կարող է ռիսկեր ստեղծել մարդկանց կյանքի համար և վտանգել մեր ազգային անվտանգությունը»։