Ամենամեծ անհանգստությունս այն է, որ հետհամաճա...

Համաճարակի օրերին մեր ընտանիքը նույնպես հետևում և կատարում է այն բոլոր հորդորները, որ հնչում են պատկան մարմինների կողմից։  Այս մասին armeniasputnik.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Թե՛ ես, թե՛ աղջիկները տնից դուրս չենք գալիս։ Շուշանը տնից է դաս անում, Մարիամը տնից է աշխատում, ես ու Արփին էլ ամբողջ օրը անցկացնում ենք միասին, միասին ճաշ ենք պատրաստում և սպասում հայրիկի վերադարձին։ Այս օրերին իրար հետ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, սակայն համաճարակը մեծ մարտահրավեր է, քանի որ չենք կարողանում տեսնել տատիկներին, պապիկին, կարոտում ենք մեր հարազատներին, ընկերներին։ Մեկուսացումը դժվար մարտահրավեր է, բայց մենք աշխատում ենք դրական տրամադրության մեջ մնալ և զբաղմունքներ գտնել»։

Աննա Հակոբյանի ամենամեծ անհանգստությունն այն է, որ ամուսինը հետհամաճարակային օրերին բախվելու է լուրջ խնդիրների, սակայն վստահ է, որ «այս դժվարությունն էլ ենք պատվով հաղթահարելու՝ շնորհիվ մեր բժիշկների և մեր համախմբվածության»։

Ա․Հակոբյանը սիրում է կարդալ․ «Գիրքը, որից կախվածություն ունեմ, ամեն անգամ վերընթերցում եմ ու փորձում եմ հասկանալ` ինչ կատարվեց ինձ հետ, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունն» է»։

Երկու բարեգործական հիմնադրամի աշխատանքը Ա․Հակոբյանը  բավականին էմոցիոնալ է համարում։ ««Ժպիտների քաղաքի» աշխատանքն ինքնին հուզիչ է, քանի որ հիվանդություն ունեցող երեխաների է առնչվում։ Երեխաների հետ աշխատանքում ամենադժվարը հենց հիվանդության փաստի հետ դեմ դիմաց կանգնելն է։ Դա մի բան է, որին չես կարող ընտելանալ, ու դա պարտավորեցնում է, որ ամեն բան անես յուրաքանչյուրին առանձին ու բոլորին միասին օգնելու համար։

Այս հիմնադրամում խնդիր ենք դրել, որ որևէ ընտանիք, հիվանդ երեխա չպետք է մնա առանց համապատասխան ու պատշաճ բուժման։ Այս պահին երկու նոր նախագիծ ենք սկսել` Family house ենք կառուցում, որպեսզի շահառուների ծնողներն այնտեղ բնակվեն, քանի որ երեխաների մեծ մասը մարզերից են։ Նաև Պալիատիվ բաժանմունք ենք կառուցում, որը շատ կարևոր է հոգեբանական իմաստով։

Իսկ «Իմ քայլը» հիմնադրամում տարբեր մարդկանց պատմություններ են, որոնք հաճախ տակնուվրա են անում մարդու ներսը, ու պարտադիր չէ, որ բացասական ֆոն ունենան։ Լինում է, որ հուզմունքը ուրախությունից կամ աշխատանքի բավարարվածությունից է կամ դրական արդյունքից»։

«Հայկական ժամանակ» թերթի խմբագիր նշվում է Աննա Հակոբյանի անունը, բայց չի հասցնում հետևել խմբագրական աշխատանքներին։

«Արդեն վաղուց չեմ հասցնում։ Ուղղակի հոգեբանորեն դեռ չեմ կարողանում առհասարակ հրաժարվել գլխավոր խմբագրի կարգավիճակից։ Անընդհատ թվում է, որ հետդարձի ճանապարհը շատ մոտ է, ու ես շուտով կվերադառնամ։ Այնտեղ խմբագրակազմն ինքնակազմակերպվում է, լրագրողները շատ պատասխանատու են ու շարունակում են աշխատել առանց ինձ անհանգստացնելու։ Շատ հազվադեպ, երևի վերջին մեկ տարում երկու կամ երեք հարցով են դիմել` անել կամ չանել, այսպես անել, թե այնպես»։

Որդու՝ բանակում ծառայությանը, Աննա Հակոբյանի խոսքով, ամբողջ կյանքում է պատրաստ  եղել, «Տանը երբեք չի քննարկվել նրա բանակում ծառայելուց խուսափելու ինչ–որ տարբերակ։ Հստակ էր` 18–ը լրացավ, պետք է գնա բանակում ծառայելու։ Իմ զգացողությունները ճիշտ այնպիսին են, ինչպիսին յուրաքանչյուր մայրիկինն է, որի որդին ծառայում է բանակում։ Դա շատ դժվար է, բայց մենք պետք է այնքան ուժ ունենանք, որ այդ ընթացքն ավարտվի ու հպարտանանք մեր որդիներով»։